17.03.2020 | 
Կրթություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:

Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկ, քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցեր, ինչպես նաև առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:


Ուսանողներն իրենց գիտական ղեկավարներից առցանց կարող են ստանալ կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվություն, իսկ ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան՝ ըստ հաստատված ժամանակացույցի:


ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):


Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:


Հ.Գ.: Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները:


Հարգանքով՝

ԵՊՀ ռեկտորատ

Այլ նորություններ
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են կնքել: