04.12.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայտարարությունը:

ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հան­րա­պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

 

Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորա­գույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

 

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

 

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

 

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ:

 

Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայերե­նագի­տության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր:    

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԸ ԿՈՐՈՇԵՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ. ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր: