20.02.2019 | 
Քաղաքականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու  և մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար: Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով): Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ:

 

Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով վճարվել են համալսարանին և դրանց տրվել է օրենքով սահմանված ձևակերպումներ: Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել են ոստիկանությանը:

 

Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:

 

Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը:

 

Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: