11.11.2019 | 
Գիտություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին:

Գիտաժողովին ներկա էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ֆակուլտետի ՈԻԳԸ նախագահ Սրբուհի Միչիկյանը, տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ:

 

Գիտաժողովում հանձնաժողովի անդամներն էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոց․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը, սոց․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ադրինե Բաբլոյանը, սոց․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հարություն Վերմիշյանը, ասիստենտ Եվգինե Վարդանյանը։

Միջոցառման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Ս․Միչիկյանը` նշելով, որ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամեն տարի կազմակերպում է գիտաժողով: Այս տարվա գիտաժողովը նվիրված է ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին:

 

«Գիտաժողովը մասնագիտական քննարկման հարթակ է ստեղծում երիտասարդ գիտնականների համար՝ հնարավորություն տալով հետագայում տպագրելու իրենց գիտական աշխատանքները»,- ասաց ՈւԳԸ նախագահը։

Ներկաներին ողջունեց նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, որը շեշտեց՝ ՈՒԳԸ անդամ լինելը նշանակում է կյանքը տեսնել գիտության ասպարեզում։

 

 

 

«Նմանօրինակ միջոցառումները շատ լավ դպրոց են համապատասխան ունակություններ և հմտություններ ձևավորելու, գիտական թեզեր պատրաստելու և ելույթներ ունենալու համար»,- ասաց դեկանը։

 

Ա. Մկրտիչյանը հիշեցրեց ելույթներ ունենալու կարգը և նշեց, որ նոյեմբերի 13-ին՝ ֆակուլտետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, գիտաժողովում երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները ստանալու են պատվոգրեր, իսկ առաջին տեղ զբաղեցնողը, բացի  պատվոգրից, կստանա նաև դրամական պարգև։

 

«Սա արդեն ավանդույթ է։ Ես շատ ուրախ եմ, որ այս ավանդույթը հաջողությամբ ներդրել և կարողանում ենք տարիներ շարունակ պահպանել։ Բոլորին մաղթում եմ հաջողություն։ Ճիշտ է, վերջում հաղթողը մեկն է լինում, բայց կարծում եմ՝ գիտության ոլորտում, վերջիվերջո, հաղթում են բոլորը։ Գիտությունն այնպիսի բնագավառ է, որտեղ, երբ կիսվում ես, ոչինչ չես կորցնում, այլ ընդհակառակը՝ հարստանում ես»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները զեկուցումներ կարդացին «Հայատյացությունը որպես Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսություն», «Լռության պարույրի դրսևորումները և նոր հեռանկարները սոցիալական ցանցերում», «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի դերը մասնավոր ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների կարիերայի կառավարման գործընթացում» և այլ թեմաներով։

 

Զեկուցումների վերջում տեղի ունեցան հարցուպատասխան և քննարկում։

 

Մարինա Առաքելյան

 

 

 

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: