04.12.2019 | 
Գիտություն
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:

Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտական նստաշրջանի նպատակը ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների ամփոփումն ու դրանց արդյունքների քննարկումն է:

 

«Այն հետաքրքիր միջոցառում է, որի ընթացքում մեր ասպիրանտները և հայցորդները ներկայացնում են իրենց գաղափարները և միևնույն ժամանակ ստանում նոր լիցքեր՝ հետագայում շարունակելու հետազոտական աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը:

 

Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ինչպես նաև գիտաժողովի նիստի նախագահ Արթուր Վաղարշյանը նշեց, որ գիտական առաջատար կազմակերպություններում նման ձևաչափով միջոցառումներ շատ հաճախ են կազմակերպվում. «Այդ միջոցառումների նպատակն ասպիրանտների և հայցորդների հաղորդակցություն է, որոնց ժամանակ գիտական հանրույթի մյուս անդամները ստանձնում են ընդդիմախոսի դերը: Հուսով եմ՝ մեր միջոցառումն էլ կպահպանի այդ ձևաչափը և կգրանցի ակնկալվող արդյունքները»:

 

 

Երկօրյա նստաշրջանին մասնակցում են 27 զեկուցողներ, որոնք ներկայացնում են իրավական հիմնախնդիրներ իրավունքի բոլոր բնագավառներից: Բացի ֆակուլտետի ասպիրանտներից և հայցորդներից՝ այս տարվա նստաշրջանին զեկուցումներով հանդես են գալիս նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչը, Արմեն Հայկյանցի հավաստմամբ, երկու համալսարանների միջև առկա գիտական համագործակցության հաստատումն է:

 

Դեկանի տեղակալի փոխանցմամբ, նստաշրջանին հնչած զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածուում, որը հասանելի է գիտական լայն հանրությանը:

 

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։