27.04.2015 | 
Գիտություն
ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանի հանդիսավոր բացման արարողությունը:

Արդեն բարի ավանդույթ դարձած ամենամյա տարեկան գիտական նստաշրջանն այս տարի ևս իր շուրջն է համախմբել հարյուրավոր ուսանողների, մագիստրանտների ու ասպիրանտների ՀՀ շուրջ 20 բուհերից և արտերկրից: Նպաստելով ուսանողների գիտահետազոտական մտքի զարգացմանը՝ Մայր բուհի ուսանողական գիտական ընկերությունն իր գործունեությամբ, իրականացվող գիտաժողովներով ու գիտապրակտիկ կոնֆերանսներով անում է հնարավոր ամեն ինչ՝ որակյալ ու գիտական նորույթ պարունակող աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դրանք հետագայում ՈՒԳԸ պարբերականում տպագրելու համար:

 

Նշենք, որ այս տարի ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացման հանդիսավոր արարողությունից առաջ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Հայոց մեծ եղեռնին զոհ գնացած 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ռեկտորատի և իր անունից ողջունելով ներկաներին ու գիտական նստաշրջանի մասնակիցներին՝ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ողջունելի է համարում այն հանգամանքը, որ և՛ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թեմատիկ գիտաժողովը, և՛ տարեկան գիտական նստաշրջանը կազմակերպվել են բարձր մակարդակով: Պարոն Մարկոսյանը փաստեց, որ տարեկան գիտական նստաշրջանում առկա 18 ֆակուլտետային բաժանմունքներում ներկայացված աշխատանքներից շատերը լինելու են գիտական լուրջ ուսումնասիրություններ, ինչն էլ իր հերթին նպաստելու է հետագա աշխատանքներն ավելի որակով ու գիտական մակարդակով ներկայացնելու համար:

 

«Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում մենք տարեցտարի արձանագրում ենք գիտական մակարդակի մշտական աճ, և այդ ամենի վկայությունն է նաև այն, որ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու-պարբերականն արդեն իսկ ընդգրկվել է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված պարբերականների ցանկում, որոնցում տպագրված գիտական աշխատանքները ընդունելի են թեկնածուական աշխատանքների պաշտպանության համար»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ այդ ամենը Ուսանողական գիտական ընկերության անդամների և միևնույն ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ձեռքբերումն է:

 

«Դեռևս Խորհրդային Միության տարիներից Ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար անցկացրել է տարեկան գիտական նստաշրջաններ: Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս իրենց զեկուցումների քանակով առաջատարներն են Իրավագիտության, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետները: Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ բնագիտական բաժանմունքներում ևս ակտիվություն է նկատվում: Իսկ ինչ վերաբերում է գիտական ղեկավարներին, նշեմ, որ աշխատանքների ղեկավարման գործում ընդգրկվել են ավելի քան 230 դասախոսներ: Որակյալ աշխատանքները շատ հաճախ կախված են նաև նրանց հետևողականությունից»,- նշեց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը՝ հավելելով, որ 350 զեկուցումներից միայն մի մասն է տպագրվելու ՈՒԳԸ պարբերականում: Զեկուցումները տպագրության են երաշխավորելու ֆակուլտետների գիտական խորհուրդները:

 

Նստաշրջանի բացման արարողության ընթացքում ԵՊՀ ՈՒԳԸ կնիքը հանձնվեց ԵՊՀ պատմության թանգարանին: Այն մինչ օրս օգտագործվում էր կառույցի հիմնադրումից ի վեր՝ 1947 թ.-ից:

 

Տեղեկացնենք, որ այս և առաջիկա օրերին ֆակուլտետներում անցկացվող բաժանմունքների աշխատանքները կամփոփվեն փակման արարողությամբ: Այն տեղի կունենա ապրիլի 30-ին, որի ժամանակ զեկուցողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր, իսկ հրատարակության երաշխավորված այն աշխատանքները, որոնք իրենց մեջ կպարունակեն գիտական նորույթ, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:

 

Հ.Գ.: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ 5-ՐԴ ԳԻՏԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԸ, ԱԶՆԻՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ. ՀԵՏՄԱՀՈՒ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում Էդվարդ Դանիելյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակում տեղի ունեցավ նրա՝ հետմահու տպագրված «Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ. (շարժը, կացությունը, թվակազմը)» մենագրության շնորհանդեսը: