04.04.2019 | 
Կրթություն
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի համար նախատեսված համակարգչային ուսումնական լաբորատորիայի բացումը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

«Այսօր մեր ֆակուլտետի համար կարևոր օր է, քանի որ մենք մեծ գործի սկիզբ ենք դրել և հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- նշեց Արթուր Սահակյանը  և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը հաջողված է»:

 

Դեկանը հայտնեց, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ում գործող «IBM» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

 

 

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը նշեց, որ նորաբաց լաբորատորիան «Webb fontaine» և «2Hz» ընկերությունների աջակցությամբ համալրվել է «GPU»-ներով հագեցած 12 համակարգչով: «Այս համակարգիչներն ունեն այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս աշխատել մեծ տվյալների հետ: Լաբորատորիան նպաստելու է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսուցման արդյունավետությանը: Այժմ վերոնշյալ մագիստրոսական ծրագիրն ունի 9  ուսանող»,- հավելեց նա: 

 

Կարեն Քեռյանի խոսքով, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իսկապես կարիք ուներ այսպիսի համակարգչային ուսումնական լաբորատորիայի, քանի որ ուսանողները պետք է հնարավորություն ունենան կիրառելու իրենց տեսական գիտելիքները, ինչպես նաև դասերից հետո աշխատելու տարբեր նախագծերի վրա:

 

ԵՊՀ-ում գործող «IBM» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի  տնօրեն Արեգ Գևորգյանը վստահեցրեց, որ այս ծրագիրը ոլորտում կարող է մեծ փոփոխություններ բերել, իսկ լաբորատորիայի առկայությունը մի քանի անգամ կմեծացնի այս ծրագրի արդյունավետությունը: Նա շնորհակալություն հայտնեց մասնավոր հատվածին՝ լաբորատորիայի ստեղծմանը աջակցելու համար:

 

Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր Գեղամ Գևորգյանի խոսքով, այս լաբորատորիան նոր ճանապարհ կբացի ուսանողների համար: «Այսօր ինձ համար շատ ուրախալի օր է, քանի որ ես տեսնում եմ, որ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հնարավորություն ունի վերաձևակերպվելու և նոր շունչ հաղորդելու ոլորտին, ինչպես նաև ժամանակին համահունչ քայլելու: Ես շնորհակալություն եմ հայտնում այս լաբորատորիայի ստեղծմանն աջակցող բոլոր մասնավոր ընկերություններին, քանի որ առանց նրանց աջակցության այս ամենը ձեռք բերելն անհնար կլիներ: Շնորհակալություն եմ հայտնում նաև այն մասնավոր ընկերություններին, որոնք այս ծրագրի ուսանողներին տրամադրել են կրթաթոշակ՝ թեթևացնելով նրանց ծնողների բեռը»:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը նշեց, որ այսօր ակնհայտ են մի քանի ցուցիչներ, որոնք փաստում են, որ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը որակյալ է և ունի բարձր արդյունավետություն:  Նա նույնպես շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին, որոնք շատ կարևոր առաքելություն են իրականացրել՝ապահովելով աշխատաշուկայի և այս մագիստրոսական ծրագրի միջև առկա կապը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև մասնավոր այն ընկերություններին, որոնց աջակցությամբ բացվեցին լաբորատորիան և կրթական ծրագիրը:

 

Նշված մագիստրոսական կրթական ծրագրում սովորող 9 ուսանողից լավագույն առաջադիմություն ունեցող 4-ը 1 տարով կրթաթոշակներ ստացան ուսման վարձի 50-75 տոկոսի չափով: Կրթաթոշակներն ուսանողներին տրամադրել են ՏՏ ոլորտի տեղական 4 ընկերություններ:   

 

Ուսանողներին կրթաթոշակներ տրամադրած ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների ներկայացուցիչներ պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ևս աջակցել կրթական այս ծրագրին:   

 

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ-ում գործում է 2018-2019 ուստարվանից:

 

 

Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Օհանյանը հայտնեց, որ 2019-2020 ուստարում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատում գործելու է նաև «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական նոր ծրագիրը, որը միավորում է վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման և համակարգչային գիտությունների հիմունքները:

 

Նրա խոսքով, ծրագրի նպատակն է սովորեցնել ուսանողներին օգտագործել մաթեմատիկական մեթոդներն ու համակարգչային տեխնոլոգիաները կիրառական խնդիրներում:

 

Կիրառական վիճակագրությունը և տվյալների գիտությունը մեթոդների ու գաղափարների համախմբություն են, որը թույլ է տալիս իմաստավորել ահռելի ծավալով տվյալներ: Դրա հիմքում ընկած են մաթեմատիկական վիճակագրության կիրառումը, մեքենայական ուսուցումը:

 

 

Այս ծրագրի շրջանավարտները կկարողանան ազատ կողմնորոշվել վիճակագրական տվյալների մշակման ժամանակակից մոտեցումների և ալգորիթմների մեջ՝ հետագա կրթության համար առաջատար դիրքեր ապահովելով արդի վիճակագրության և տվյալագիտության բնագավառում:

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս Վազգեն Հակոբջանյանի խոսքով, մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն դասավանդել այսպիսի ծրագրում: «Համոզված եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություններ է ունենալու և աշխատաշուկա է ներկայացնելու որակյալ կադրեր»,- հավելեց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: