08.06.2022 | 
Կրթություն
ՄԱՀԱՑԵԼ Է ԵՊՀ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ
ՄԱՀԱՑԵԼ Է ԵՊՀ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Անդառնալի կորստի համար Երևանի պետական համալսարանը ցավակցում է Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն:

 

Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ նույն վայրից հունիսի 10-ին՝ ժամը 13:00-ից:

 

Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

 

 

Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնցում մանրամասնորեն ուսումնասիրել է հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերը:

 

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

 

Մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման գործում: 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ համալսարանի համագործակցությանը:

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ: