08.11.2019 | 
Հասարակություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ հետ այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

ՀՀ նախագահը և իր տիկին Նունե Սարգսյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիպեցին ուսանողների հետ և պատասխանեցին նրանց հարցերին: Ուսանողներն Արմեն Սարգսյանին ներկայացրին մասնաճյուղում գործող ֆակուլտետները, ինչպես նաև մասնագիտությունները, որոնք սովորում են այստեղ:

 

Արմեն Սարգսյանն ասաց, որ տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև հետագայում շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար առավել նպատակահարմար կլինի հետագայում մշակել և ներդնել այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնաբուժություն, անասնապահություն, անտառային տնտեսության կառավարում և այլն:

ՀՀ նախագահն ուսանողներին խորհուրդ տվեց հայրենիքի հետ կապն ամուր պահել՝ փաստելով, որ հայրենիքից և հայրենի տնից լավ տեղ չկա աշխարհում. «Ես հույս ունեմ, որ մենք կփոխենք Հայաստանը, և այնպես կանենք, որ բոլորը չձգտեն գնալ Երևան, այլ ընդհակառակը՝ բոլոր երևանցիները ցանկանան գալ այստեղ և Հայաստանի մյուս վայրեր՝ հիանալու տեսարժան վայրերով ու վայելելու դրանց բարիքները»:

Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ կարելի է գտնվել Երևանից դուրս և ապրել ժամանակակից կյանքով՝ օգտագործելով արդի տեխնոլոգիաները. «Մեր երկիրը և՛ մեծ, և՛ փոքր երկիր է, և մեր նպատակը պետք է լինի այնպես անել, որ կենսամակարդակը գյուղում և քաղաքում նույնը լինի»:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Արմեն Սարգսյանը հորդորեց նրանց լավ կրթություն ստանալ, մշտապես ինքնակրթվել, ինչպես նաև լինել բարոյական և հայրենասեր մարդ. «Այն ժամանակը, որ դուք հիմա ունեք, այլևս ետ չի գալու: Ճիշտ օգտագործեք այն, ամեն օր մի նոր բան սովորեք և օրվա ավարտին գնահատեք և արժևորեք ձեր ստացածը»:

 

ՀՀ նախագահը խորհուրդ տվեց հայրենաճանաչ լինել, ճամփորդել ու բացահայտել հայրենիքը. «Մեր հայրենիքը միայն մեր ծննդավայրը չէ, այն ամբողջ Հայաստանն է ու Արցախը»:

Այցելության ընթացքում Արմեն Սարգսյանը և իր տիկինը մասնաճյուղի բակում ծառ տնկեցին: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանն ասաց, որ հանրապետության բոլոր նախագահներն իրենց պաշտոնավարման տարիներին այցելել են մասնաճյուղ և ծառ տնկել, և ըստ այդմ՝ ձևավորված ավանդույթը չի խախտվել:

Այցելության ընթացքում Արմեն Սարգսյանը ծանոթացավ մասնաճյուղի բակում ցուցադրված ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների անհատական աշխատանքներին:

Անուշավան Մակարյանը հանդիպման ավարտին ՀՀ նախագահին նվիրեց ֆակուլտետի շրջանավարտ Արինա Դավթյանի աշխատանքը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: