14.06.2019 | 
«ԵՊՀ-Ն ԴԱՐՁԵԼ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՍԻՐՈ ՏՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԸ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՎԱՍԻԼՅԱՆ
«ԵՊՀ-Ն ԴԱՐՁԵԼ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՍԻՐՈ  ՏՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԸ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՎԱՍԻԼՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանի ու կնոջ՝ Էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի դոցենտ Անահիտ Վասիլյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:

Մեր ճակատագրական հանդիպումը տեղի է ունեցել Կենսաբանության ֆակուլտետում

 

Արմեն Թռչունյանը պատմում է, որ ասպիրանտուրայում սովորելու տարիներին է հանդիպել իր ապագա կնոջը:

 

«Նա այդ ժամանակ հասարակական ակտիվ գործունեություն էր ծավալում Կենսաբանության ֆակուլտետում: Անմիջական ծանոթությամբ ու զրույցներով էլ սկզբնավորվեց մեր սիրո պատմությունը»,- պատմում է ամբիոնի վարիչը:

 

Վերջինիս նկարագրմամբ, իր հավանած աղջիկն աչքի էր ընկնում արտաքին գրավչությամբ, դիմագծերի համաչափությամբ, պատասխանատվությամբ, խոսքի ու գործի միասնությամբ:

 

Այնուամենայնիվ, ըստ Ա. Թռչունյանի, սիրո և ընտանիք ստեղծելու հարցում, արտաքին տեսքից զատ, կարևոր են  վարքը, բնավորությունը, մտածելակերպը:

 

Իսկ թե ինչպիսի հատկանիշներով էր առանձնանում իր ապագա ամուսինը, Անահիտ Վասիլյանը պատասխանում է. «Արմենը համեստությամբ, պատրաստակամությամբ և ուշադիր վերաբերմունքով էր աչքի ընկնում»:

 

Սակայն, ըստ դոցենտի, գիտնականի հետ ապրելը բավականին դժվար և պատասխանատու է. «Արմենը ոչ միայն մեծ գիտնական է, այլև մեծ մարդ, որի հետ ապրելը հետաքրքիր և միևնույն ժամանակ դժվար է»:

 

Դժվարությունները Ա. Վասիլյանը պայմանավորում է հիմնականում ծանր ու հագեցած աշխատանքային գրաֆիկով. «Մենք անընդհատ վազքի մեջ ենք. դասախոսություններ, հանդիպումներ, քննարկումներ, ճամպրուկներ, սեմինարներ, ժողովներ,  չնայած այդ ամենին՝ ընտանեկան հարկի տակ հանգստանալը նույնպես կարևոր է մեզ համար»:

 

ԵՊՀ-ն ոչ միայն մեր սիրո տունն էր, այլև մեր հանդիպումների ապահով ու գեղեցիկ վայրը

 

Ա. Թռչունյանը հիշում է, որ իրենք հանդիպում էին ԵՊՀ-ում, որից հետո զբոսնում էին քաղաքում, թատրոն ու կինո գնում:

 

Իսկ Ա. Վասիլյանն էլ հավելում է, որ միանման երաժշտական ճաշակ ունենալը հնարավորություն էր տալիս ընտրելու նույն համերգն ու ժամանակն անցկացնելու համերգասրահներում:

 

Դժվարությունները մեզ ավելի ամուր են դարձրել՝ մի բռունցքի նման պինդ

 

Ա. Վասիլյանի խոսքով, ինչպես բոլոր ընտանեկան զույգերը, իրենք նույնպես ժամանակավոր դժվարությունների են բախվել, սակայն դրանց հաղթահարումն իրենց ավելի ուժեղ է դարձրել:

 

Նույն վայրում աշխատելը դժվար է և պատասխանատու 

 

Զույգը միասին նույն վայրում աշխատելը դժվար և պատասխանատու է համարում:

 

Վասիլյանի բնորոշմամբ, դժվարությունը պայմանավորված է ինչպես առօրյա ամենատարբեր խոսակցություններով, այնպես էլ մարդկային նախանձով:

 

Իսկ Ա. Թռչունյանի դիտարկմամբ, համալսարանական խնդիրները տեղափոխվում են տուն և այնտեղ շարունակում լուծումներ ստանալ:

 

Մեր տանն ամեն երեկո գիտական սեմինար է

 

Զույգը ժպիտով պատմում է, որ իրենց տանն գրեթե ամեն օր սեմինարներ, բանավեճեր և քննարկումներ են կազմակերպում:

 

«Այն, ինչ չենք հասցնում քննարկել համալսարանում, քննարկում ենք տանը»,- ասում է Ա. Թռչունյանը:

 

Ընդ որում՝ քննարկումներին մասնակցում է ողջ ընտանիքը:

 

Անդրադառնալով  որդու՝ Կարեն Թռչունյանի մասնագիտությանը՝ Ա. Թռչունյանն ընդգծում  է. «Շահում են այն երեխաները, որոնք շարունակում են իրենց հայրերի գործը: Կարելի է ասել, որ ես ուղղորդել եմ որդուս մասնագիտության ընտրության հարցում, սակայն նրա սերն ու հետաքրքրությունը դեպի կենսաբանությունն ակնհայտ են եղել»:

 

Տարվա ցանկացած եղանակին ծաղիկները մեր հարկի անբաժան մասն են կազմում

Սիրելով ծաղիկներ՝ հատկապես յասաման, Ա. Թռչունյանը պատմում է, որ դրա ծաղկելուն պես ինքն անպայման նվիրում է կնոջը:

 

«Չպետք է ծաղիկներ նվիրել տոն օրերին. ամեն օրն արդեն տոն է, ուստի ծաղիկներով պետք է գեղեցկացնել այն»:

Կնոջս եփած բորշչն ուրիշ համ ունի

 

Կնոջ պատրաստած և սիրելի ճաշատեսակների ցանկը, ըստ նրա, բազմազան է, բայց անկրկնելի համ ունեն բորշչը, տոլման ու քյուֆթան:

«Այդ ուտեստներն ավելի համեղ են թվում, երբ բոլորս միասին ենք ճաշում»,- նշում է Թռչունյանը:

 

Վերջինս կարևորում է նաև գեղեցիկ սպասքի առկայությունը:

 

Թռչունյանի խոսքով, առօրյա և տոնական սպասքի տարանջատում չպետք է լինի:

 

Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը փոխադարձ  վստահության և միմյանց զիջելու մեջ է

 

Արմեն Թռչունյանի և Անահիտ Վասիլյանի ընտանեկան ճանապարհը 32 տարվա պատմություն ունի:

 

Խաղաղ ընտանեկան հարկի գլխավոր հիմքը, ըստ Թռչունյանի, լավատեսության մեջ է. «Լավատեսությունը երջանկության հիմքն ու խաղաղ ապրելու գրավականն է»:

 

Ա. Թռչունյանը նշում է, որ եթե ինքը երիտասարդ լիներ և մտածեր ընտանիք կազմելու մասին, նորից կընտրեր Անահիտին:

 

Իսկ Ա. Վասիլյանն էլ նշում է, որ երբևէ չի փոշմանել իր ընտրության համար:

 

Ընտանեկան զույգը մի մեծ ցանկություն ունի: 

«Մենք թոռնիկ ենք ուզում, իսկ Կարենը դեռ չի գտել իր կյանքի ընկերուհուն: Հույս ունենք, որ առաջիկայում մեր ցանկությունը կիրականանա»,- ասում է Անահիտ Վասիլյանը:

 

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը