13.09.2019 | 
Գիտություն
«ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
«ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանն արժանացել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության (ASM, www.asm.org) 2020 թվականի մրցանակներից մեկին՝ «Մոզելիո Շեխտերի մրցանակին՝ զարգացող երկրների մանրէաբանների ճանաչմանհամար»:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ մրցանակն անվանակոչվել է աշխարհի խոշորագույն գիտական ընկերության՝ «ASM»-ի նախկին նախագահ, ականավոր պրոֆեսոր Մոզելիո Շեխտերի պատվին և տրվում է այն գիտնականներին, որոնք զարգացող երկրներում ցուցաբերել են օրինակելի առաջնորդություն և նվիրվածություն, նպաստել են մանրէաբանության՝ որպես մասնագիտության, մանրէաբանական գիտության, կրթության և տեխնոլոգիաների առաջընթացին:

 

Այս առթիվ ysu.am-ը զրուցել է Արմեն Թռչունյանի հետ: Վերջինս հայտնեց մրցանակին արժանանալու մասին անակնկալ իմանալու,  տպավորությունների և հետագա անելիքների մասին:

 

«Անսպասելի և ուրախալի լուր էր, միաժամանակ՝ պատվաբեր և պարտավորեցնող, քանի որ խոսքը վերաբերում է աշխարհում մանրէաբանության զարգացմանը»,- նշեց  ամբիոնի վարիչը:

 

Վերջինիս տեղեկացմամբ, մրցանակի համար իրեն ներկայացրել էին ամերիկացի մանրէաբան մասնագետները. «Որոշումը կայացվել է բազմաթիվ կարծիքների արտահայտման և քննարկումների արդյունքում: Իհարկե, ինձ տեղեկացրել են միայն վերջնական արդյունքի մասին»:

 

Արմեն Թռչունյանը նշեց, որ անցյալ տարի այս մրցանակը շնորհվել է  Նեպալից մի մանրէաբան- համաճարակաբան պրոֆեսորի: 

 

Տեղեկացնենք, որ մրցանակն Արմեն Թռչունյանին կհանձնեն 2020 թվականի հունիսին Չիկագոյում:

 

«Մանրէաբանությունն այսօր ամենազարգացող ուղղություններից մեկն է, որը բժշկագիտության և կենսատեխնոլոգիաների համար ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթ»,- ասաց Ա. Թռչունյանը:

 

Պրոֆեսորն իր գրանցած հաջողությունները պայմանավորում է մի քանի հանգամանքով. «Ինձ օգնում է իմ խառնվածքին բնորոշ գիծը՝ անընդհատ որոնումների մեջ լինելը: Ես փնտրում եմ այնպիսի հարցեր, որոնց լուծումներն ունեն միջազգային նշանակություն»:

 

Վերջինս գիտության մեջ հաջողություններ գրանցելը պայմանավորում է ինչպես միջազգային մակարդակով զեկուցումներ և դասախոսություններ կարդալով, այնպես էլ գիտության և կրթության ուղղությունները զուգորդելով: 

 

«Չկա լավ դասախոս առանց հաջող գիտության, և չկա հաջող գիտնական առանց լավ դասախոսության,- պնդեց պրոֆեսորը և հավելեց,- ես պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ կարդացած դասախոսություններին: Իմ բազմավաստակ փորձն ինձ ցույց է տվել, որ կայացած են այն դասախոսությունները, որոնք խնդրահարույց են և ունենում են ուսանողների ակտիվ մասնակցություն»:

 

Օրեր անց Ա. Թռչունյանը մեկնելու է Հունաստան՝ եվրոպական դպրոցում երիտասարդ դասախոսների համար դասախոսությամբ հանդես գալու. «Իմ դասախոսությունն ունկնդրող մասնագետները, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, մասնակցել են մրցույթի: Ես կարծում եմ, որ դա մեծ փորձ է լինելու իմ հետագա գործունեության համար»:


Պատրաստեց Անգին Խաչատրյանը

 

Այլ նորություններ
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը: