03.04.2015 | 
Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) քննարկումների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործոնը մերձավորարևելյան զարգացումների համատեքստում» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում:

Բանախոսներն էին ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանը, «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, պատմ. գիտ. թեկնածու Դավիթ Մանասյանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկումը վարում էր ՀՀԻ փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

 

Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ մերձավորարևելյան զարգացումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա:

 

Մասնավորապես քաղաքագետ Շահան Գանդահարյանը ներկայացրեց Լիբանանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայկական համայնքի գործունեությունը:

 

«Լիբանանյան քաղաքական և հասարակական սեկտորների գործունեությունը պետք է թիրախային ուղղվածություն ունենա, քանի որ Լիբանանում մեծ թվով և՛ քրիստոնյաներ, և՛ մուսուլմաններ են բնակվում: Ներկայումս Թուրքիան գործի է դրել իր բոլոր քարոզչական մեքենաները՝ տեղաբնակ ոչ քաղաքական մուսուլման համայնքին հակահայկական քաղաքական ուժ դարձնելու համար, և պետք է ասել, որ դա ստացվում է: Սակայն դրան հակառակ՝ պետք է շեշտել, որ լիբանանաբնակ քրիստոնյա համայնքը՝ ի դեմս ասորիների և հույների, լուրջ ազդեցություն ունեցան Հայկական հարցում դրական տեղաշարժերի վրա»,- ասաց Շահան Գանդահարյանը և հավելեց, որ հատկանշական է այն փաստը, որ Լիբանանը միակ արաբական պետությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

«Ազդակ» օրաթերթի խմբագիրն անդրադարձավ նաև Լիբանանում առաջիկայում իրականացվելիք  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց շրջանակներում կկազմակերպվեն գիտաժողովներ, հանդիպումներ, մշակութային միջոցառումներ և այլն:

 

Սիրիայի ներքաղաքական գործընթացների և երկրի վրա ազդող արտաքին գործոնների մասին էլ խոսեց Դավիթ Մանասյանը, ով ընդգծեց, որ «Իսլամական պետության» կայացման գործում Թուրքիայի դերը վճռորոշ էր, սակայն այս պարագայում կարևոր է հասկանալ, թե «Իսլամական պետությունն» իր ռազմավարության համատեքստում ինչ ծրագրեր ունի տարածաշրջանի և մասնավորապես հայկական համայնքների համար:

 

«Վերլուծելով աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները՝ արձանագրում ենք, որ Սիրիայում և Իրաքում ապաքրիստոնեացման և քրիստոնեական արժեքների կործանմանն ուղղված լուրջ ու մեծածավալ գործընթացներ կան: Կարծում եմ՝ սա Թուրքիայի կողմից իրականացվող երկարաժամկետ ծրագրի մի մասն է կազմում»,- ասաց բանախոսը:

 

Հայ-քրդական հարաբերությունների և ընդհանրապես մուսուլմանական երկրների միջև առկա կապերին և Հայաստանի վրա դրանց ազդեցությանն անդրադարձավ Վահրամ Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանի՝ Իրաքյան Քուրդիստանի հետ միջպետական կապերն ավելի ակտիվ կարող էին լինել: Դրան հակառակ՝ Իրաքյան Քուրդիստանի հետ ակտիվ համագործակցություն է սկսել Թուրքիան, ինչը վատ կանդրադառնա հայ-քրդական հարաբերությունների վրա:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին՝ Վահրամ Պետրոսյանը նշեց. «Նախ պետք է քրդերի հանդեպ մեր դիրքորոշումը հստակեցնենք և հասկանանք, թե ինչ սպասելիքներ ունենք նրանցից: Իհարկե, իրատեսական չէր լինի թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված և հայերի կոտորածների իրականացմանը մասնակցած քրդերից ինչ-որ լուրջ քայլեր սպասել, սակայն մի բան պետք է հստակ գիտակցենք, որ ցեղասպանության ճանաչումն էլ իր երանգներն ունի»:

 

Բանախոսների ելույթներից հետո հանդիպման մասնակիցների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որին մասնակցում էին նաև ուսանողները: 

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: