31.01.2019 | 
Գիտություն
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇՎԱԾ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇՎԱԾ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենաէական փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք, բարեբախտաբար, չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

1․ Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել։ Ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։



2․ Հեկատեոս Միլեթացու քարտեզում (մ․ թ․ ա․ 6-5-րդ դդ.) աշխարհը բաժանված է երեք մասի՝ Եվրոպա, Ասիա, Լիբիա (Աֆրիկա), որոնք տեղակայված են Միջերկրական ծովի շուրջը։ Նրա քարտեզում աշխարհը շրջանաձև սկավառակ է՝ շրջապատված օվկիանոսով։



3․ Պոսիդոնիոսի քարտեզը (մ․ թ․ ա․ 2-րդ դար) ընդլայնում է աշխարհի մասին եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Ալեքսանդր Մակեդոնացու գրաված հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է աշխարհի կենտրոնում։



4․ Պոմպոնիուս Մելայի քարտեզը (43 թ․) էլ ավելի է «ընդարձակում» աշխարհի սահմանները՝ զանազանելով Ասիան, Եվրոպան և Աֆրիկան։ Այստեղ «Արմենիա» տեղանվանը կարելի է հանդիպել հյուսիսարևմտյան հատվածում։



5․ Կլավդիոս Պտղոմեոսն առաջինն էր, որն իր քարտեզի վրա (150 թ.) նշեց երկարության և լայնության գծերը։


6․ Պևինգերյան քարտեզը (4-րդ դար) հստակ պատկերում է Հռոմ տանող բոլոր ճանապարհները։ Ամբողջական քարտեզը բավականին երկար է։ Այն պատկերում է աշխարհը Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։



7․ Կոզմա Ինդիկոպլեվստի քարտեզում (6-րդ դար) աշխարհը պատկերված է որպես ուղղանկյուն։



8․ Մահմուդ ալ-Քաշհարի քարտեզում (11-րդ դար) աշխարհի կենտրոնում հնադարյան Բալասագուն քաղաքն է, որն այժմյան Ղրղզստանի տարածքն է։



9․ Աշխարհի հայերեն ամենահին քարտեզը (13-14-րդ դար) ըստ էության փոքրիկ աշխարհացույց է։ Նրա հեղինակը հայտնի չէ, բայց ակնհայտ երևում է, որ այն կազմված է ըստ կրոնական ըմբռնումների․ կենտրոնում Երուսաղեմն է, իսկ աշխարհը շրջապատում է օվկիանոսը:



10․ Հենրի Բանտինգի քարտեզը (1581 թ․), որտեղ աշխարհը պատկերված է եռաթերթ ծաղկի տեսքով, աշխարհի սահմանների մասին հստակ պատկերացումներ չի տալիս։ Այն ավելի շուտ քրիստոնեական եռամիասնության գաղափարն է շարունակում ու աշխարհի կենտրոնում դնում Երուսաղեմը։ Իհարկե, նմանօրինակ քարտեզում Հայաստանը չէր կարող չլինել։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: