07.11.2019 | 
Գիտություն
«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ». ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ». ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով գիտաժողովը:

ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցությունը հաստատվել է 2018 թվականին, երբ ակադեմիայի աջակցությամբ Արևելագիտության ֆակուլտետում ստեղծվել է Չինագիտության կենտրոն:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում համագործակցության շրջանակն ընդլայնվել է. «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ երկու կառույցների համատեղ նախաձեռնությամբ սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակներին»:

 

«ԵՊՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ չինագիտության զարգացումը համալսարանի առաջնահերթություններից մեկն է: Մեր նպատակն է պատրաստել չինագետներ, որոնք իրենց ներդրումը կունենան Հայաստանի դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում, իսկ հետագայում արդեն կնպաստեն մեր երկրում չինագիտության զարգացմանը»,- գիտաժողովի բացմանն ասաց Արթուր Իսրայելյանը:

 

 

Նա փոխանցեց, որ ԵՊՀ-ում այսօր հաջողությամբ գործում են Արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնը՝ խթանելով ԵՊՀ-ում չինարենի ուսուցումը և չինական մշակույթի տարածումը, ինչպես նաև նպաստելով հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը:

 

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն Չայ Յուն հույս հայտնեց, որ գիտական այս միջոցառումը հիմք կդառնա հետագայում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար:

 

Նրա փոխանցմամբ, Արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնը Չինաստանից դուրս գործող 13 հետազոտական կենտրոններից մեկն է, ինչը նշանակում է, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին:

 

Մեզ հետ զրույցում Չայ Յուն փաստեց, որ ապագայում ևս կազմակերպվելու են գիտական համատեղ միջոցառումներ՝ մի կողմից նպաստելու հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից՝ էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու երկու երկրների միջև գիտական հաղորդակցությունը:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը գիտաժողովի բացմանն ասաց, որ ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցությունն ավելի բովանդակալի դարձնելու համար անհրաժեշտ է քննարկել գիտահետազոտական թեմաներ, որոնք հետաքրքրական կլինեն երկու կողմերի համար:

 

«Աշխարհն այսօր ավելի ու ավելի գլոկալ է դառնում: Այն այսօր և՛ գլոբալ է, և՛ գլոկալ: Եվ այդ համատեքստում հեռավորությունը, որն առկա է Հայաստանի և Չինաստանի միջև, միայն տարածական է՝ արտահայտված կիլոմետրերով, իսկ գաղափարների և ծրագրված նպատակների տեսանկյունից երկու երկրները շատ մոտ են իրար»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

 

 

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով գիտաժողովին այսօր զեկուցումներով հանդես եկան Չինաստանի պատվիրակության ներկայացուցիչները, ինչպես նաև Արթուր Իսրայելյանը, Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը և  ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:

 

Հնչած զեկուցումները վերաբերում էին ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի առանձնահատկություններին և հեռանկարներին, այնպես էլ հայ-չինական հարաբերությունների յուրահատկություններին:

 

Ի դեպ, վաղը Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայից ժամանած մասնագետները դասախոսություններ են կարդալու Արևելագիտության ֆակուլտետում:  

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: