07.05.2014 | 
Գիտություն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնագետների հետ քննարկում են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները:

Մայիսի 6-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը ցեղասպանագիտության համատեքստում» խորագրով սեմինար` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Սեմինարավարները պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին և իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Վիգեն Քոչարյանն էին:

 

«Միջոցառման գլխավոր նպատակն է ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հիմնախնդիրը` որպես մեր պատմության մեջ կարևորագույն խնդիրներից մեկը, որի հետևանքները մենք այսօր դեռևս շարունակում ենք ունենալ: Շատ կարևոր է Ցեղասպանության հետևանքների վերացումը. այս դեպքում առաջ է գալիս նաև տարածքային խնդիրը: Բացի այդ` անհրաժեշտ է ներկայացնել փոխհատուցմանը համապատասխան ծրագրային քաղաքականություն և առանձնացնել հետևանքների վերացմանն ուղղված ուսանողների դերակատարության ուղղությունները»,- ասաց ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը:

 

Աշոտ Հայրունին անդրադարձավ հայկական հիշողության առջև ծառացած խնդիրներին` նշելով, թե Հայաստանն ինչ ռազմավարական խնդիրներ ունի լուծելու. «Ցեղասպանագետները, պատմաբանները Եվրոպայում ու Արևմուտքում զբաղված են այն հարցով, թե գլոբալ հիշողության ինչ հայեցակարգ պետք է զարգացվի: Սփյուռքի որոշ գիտնականներ գտնում են, որ եթե պետք է գլոբալ հիշողության հայեցակարգ մշակել, ապա դա պետք է լինի ոչ միակենտրոն: Այնուամենայնիվ, հենց արևմտյան գիտնականները կարծում են, որ պետք է լինի միակենտրոն, ու միանգամայն հիմնավորելի է, որ այդ կենտրոնում պետք է գտնվի Հայոց ցեղասպանությունը»:

 

Պատմաբանի ձևակերպմամբ` Առաջին աշխարհամարտը ազգությունների ձևավորման, նաև տոտալիտար ռեժիմների ձևավորման այն խառնարանն էր, որի մեջ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Առաջին աշխարհամարտի ցեղասպանական ամենամեծ փորձառությունը բովանդակում է Հայոց ցեղասպանությունը:

 

Վիգեն Քոչարյանն էլ, համեմատելով Հայոց ցեղասպանությունը հրեական Հոլոքոստի հետ, ասաց. «Բացի Հայոց ցեղասպանությունից` 20-րդ դարում եղել են նաև այլ ցեղասպանություններ: Ի տարբերություն Հայոց ցեղասպանության` հրեաների Հոլոքոստի հիմնական կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեցին: Այսինքն` մինչև միջազգային իրավական փաստաթուղթ ընդունելը միջազգային իրավունքում արդեն իսկ գոյություն ունեին այն միջազգային իրավական նորմերը, որոնք արգելում կամ որպես հանցագործություն են ճանաչում ցեղասպանությունը»:

 

Սեմինարի ավարտից հետո ուսանողները հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: