24.03.2015 | 
Հասարակություն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքներին աջակցելու համար ՀՀ տարբեր բուհերի ուսանողներից ստեղծվել է կամավորական խումբ:

Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պետական հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վահագն Մելիքյանը, ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավար Վարդան Ասոյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքական մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը:

 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքներում նախատեսվում է որպես կամավորներ ընդգրկել ուսանողների: Նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Մայր բուհի ուսանողներին բաժանվել էին մասնակցության հայտեր, որոնցում ԵՊՀ սովորողները պետք է նշեին, թե որ միջոցառմանն են ցանկանում կամավորության սկզբունքով մասնակցել:

 

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի փոխանցմամբ` ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել որպես կամավորներ ընդգրկվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների աշխատանքներում, սակայն ընտրությունը հիմնականում կանգ է առել համապատասխան մասնագիտություններով սովորող ուսանողների վրա:

 

Այսօր, միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուց բացի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ուսանողներին մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հիմնական խնդիրները: Պարոն Սարգսյանը, կարևորելով նաև ուսանող կամավորների մասնակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր գործընթացում, երիտասարդներին խորհուրդ տվեց ամենայն լրջությամբ ու «սեփականատիրոջ իրավունքով» մոտենալ իրականացվող աշխատանքներին և անել հնարավոր ամեն ինչ՝ այդ միջոցառումների պատշաճ կազմակերպմանը մասնակցելու համար:

 

«Ես հույս եմ հայտնում, որ այս մեկ ամսվա ընթացքում armeniangenocide100.org պաշտոնական համացանցային պորտալը լինելու է ձեր ուշադրության կենտրոնում: Դուք այսպես թե այնպես մասնակից եք դառնում մի գործընթացի, որը ոչ միայն նպատակային է, այլև կարևոր ու ողջունելի: Այս կայքում օրեցօր ավելանում են փաստերն ու տեղեկությունները, հիշողություններն ու պատմությունները Հայոց ցեղասպանության մասին: Ինչ-որ առումով այն նաև հնարավորություն է ձեր գիտելիքները կատարելագործելու, ինչպես նաև կամավորական փորձ ձեռք բերելու համար: Այնտեղ՝ որտեղ կցուցաբերեք ձեր մասնակցությունը, պետք է իմանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք տեղ կգտնեն armeniangenocide100.org -ում»,- նշեց պարոն Սարգսյանը:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: Պարոն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նաև մի քանի խնդիրներ լուծելու առիթ են հանդիսանում. «Մենք պետք է բարձրացնենք միջազգային իրազեկվածությունը, ամրապնդենք մեր կոլեկտիվ հիշողությունը և իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ձեռնարկենք քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը բարձրացնելու, Հայ դատի խնդրի լուծման ուղղությամբ»:

 

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: