10.10.2018 | 
Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը:

ԵՊՀ դասախոսը պատմեց, որ Կենդանաբանության ամբիոնը դեռևս 2013 թվականից համագործակցում է Բեռլինի պետական բնության թանգարանի կաթնասունների բաժնի վարիչ  Ֆրեդեր Մայերի և գերմանացի գիտաշխատող Քրիստիան Դիտցի հետ:

 

«Նրանց հետ համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ անցկացվել է համատեղ գիտարշավ, որի արդյունքում հրապարակվել է ծավալուն գիտական հոդված: Այդ համագործակցությունից հետո նրանք որոշեցին այս տարի կենսաբանների մեծ խմբով այցելել Հայաստան: Նրանց են միացել  Շվեյցարիայից Նիկոլաս Ֆասելը, Թուրքիայից Էմրահ Չորամանը,  Գերմանիայից Ռոբերտ Բրիկմանը, Ուրլիխ Ռուդոլֆը և Ֆրիդրիխ  Քրեշմարը»,- պատմեց ԵՊՀ լաբորանտը:

 

 

Ա. Ղազարյանը հայտնեց, որ այս տարի գիտարշավին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները:

 

Նրա խոսքով, գիտարշավի ընթացքում իրականացվել է ձեռնաթևավորների ուսումնասիրման աշխատանքներ Ծափաթաղ, Մադինա գյուղերի շրջակայքում, Գնդեվանքի, Նորավանքի, Որոտանի կիրճերում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: «Գիտարշավի ընթացքում բռնվել է 250 չղջիկ: Բոլոր բռնված կաթնասունները լուսանկարվել են, իրականացվել են ձևաբանական չափումներ, ինչպես նաև ԴՆԹ վերլուծության համար կատարվել է նմուշառում, որից հետո չղջիկները բաց են թողնվել իրենց բնակատեղեր»,- ասաց Ա. Ղազարյանը:

 

 

Նա հայտնեց, որ ստացված արդյունքները հրապարակվելու են գիտական հոդվածերի տեսքով, ներկայացվելու են միջազգային տարբեր գիտաժողովներում, ինչպես նաև տվյալների թարմացման համար տրվելու են Բնապահպանության նախարարություն:

Աստղիկ Ղազարյանը նշեց, որ գիտարշավի ընթացքում համատեղ իրականացված դաշտային աշխատանքների վերաբերյալ նկարահանվել է փոքր ֆիլմ, որը կներկայացվի հոկտեմբերի 25-27-ը Երևանում կայանալիք Արևելյան Եվրոպայի ձեռնաթևավոների մասին առաջին գիտաժողովի ժամանակ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԵՆՍԱՋՐԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Օրգանական թափոններից դեպի կենսաջրածին. Թափոնների նախամշակումը և մանրէներում H2-ի արտադրության խթանման գործընթացների կարգավորումը» թեման:
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում: