20.05.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ
«Erasmus+»-ի և «DAAD»՝ ԵՊՀ-ում գործող փոխանակման ծրագրի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի 2 ուսանողներ 6 ամիս հետազոտություններ են իրականացրել Գերմանիայի Սարլանդի համալսարանում:

Ծրագիրը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում քիմիայի և կենսատեխնոլոգիաների բնագավառում: ԵՊՀ-ի և Սարլանդի համալսարանի միջև պայմանագիրը կնքվել է նախորդ տարի, իսկ արդեն այս տարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի երկու ուսանողներ՝ Սեդա Միրզոյանը (բակ. 4-րդ կուրս) և Աստղիկ Թուրաբյանը (մագ. 2-րդ կուրս), հասցրել են լինել Գերմանիայում. նրանք տեղում ունկնդրել են գերմանացի պրոֆեսորների դասախոսությունները:

 

Գերմանիա մեկնած ԵՊՀ ուսանողները հետազոտություններից ստացել են հետաքրքիր արդյունքներ, որոնք թույլ են տալիս վերլուծություն կատարել Հայաստանում և Գերմանիայում տարբեր բույսերի կենսաբանական ակտիվության մասին: Այդ բույսերից մեկը՝ «Ajuga genevensis»-ը մինչ այդ համալսարանում բավականաչափ լավ ուսումնասիրվել է, ստացվել են բուսական կուլտուրաներ, որոշվել է դրանց տարբեր լուծամզվածքների կենսաբանական ակտիվությունը: Այդ տվյալները հետաքրքրել են նաև գերմանացի մասնագետներին, և դրանց ուսումնասիրությունը շարունակվել է այնտեղ:

 

Հետազոտությունները, որոնց մասնակցել են նաև ԵՊՀ ուսանողները, շուտով լույս կտեսնեն նաև գիտական հոդվածի տեսքով: Իսկ այստեղ այդ հետազոտությունները ներառված են Աստղիկ Թուրաբյանի մագիստրոսական թեզում:

 

 

«Այնտեղ մենք աշխատում էինք Քիմիայի ֆակուլտետի կենսաօրգանական լաբորատորիայում, որտեղ տարբեր նյութերի, սինթեզված դեղամիջոցների, նանոմասնիկների կենսաբանական ակտիվությունն են որոշում: Մենք հենց այդ աշխատանքներին էինք մասնակցում: Բացի դրանից՝ նրանք Սարդինիայի համալսարանի հետ համատեղ հետազոտում էին մի բույս: Մենք նույն փորձն արել ենք նաև այդ բույսի վրա, և մեր պրոֆեսորը շատ գոհ էր արդյունքներից»,- պատմում է Աստղիկն ու հավելում, որ այժմ աշխատում են նրանց պրոֆեսորի հետ համատեղ հոդվածի վրա:  

 

Սեդան էլ հավելում է, որ այստեղից իրենց հետ տարել էին փորձանմուշներ՝ «Ajuga genevensis» բույսը և դրա վերգետնյա մասի մզվածքը, որից այնտեղ սինթեզվել են նանոմասնիկներ ու դրանց հակաբակտերիալ, հակասնկային կենսաբանական ակտիվությունը:  

 

«Մենք շահագրգռված ենք, որ այս ծրագիրը շարունակվի: Ժամանակն է՝ հասկանանք, որ ուսանողների և դասախոսների շարժունությունը պետք է հատուկ ուշադրության արժանանա: Ինչքան էլ մենք լավը լինենք, ապահովված լինենք նյութատեխնիկական բազայով, թեկուզ կարճաժամկետ այցելությունները պարտադիր են: Դրանք մեծ հետք են թողնում մարդու անձնային և մասնագիտական հմտությունների զարգացման վրա»,- ասում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը:

 

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում վերջերս ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում դասախոսություններով հանդես եկան Սարլանդի համալսարանի պրոֆեսորներ Ինգոլֆ Բերնհարդը և Ռիտա Բերնհարդը: Այս տարվա հունիսին էլ գերմանական բուհում դասախոսությունների շարք է ունենալու ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարգարիտա Պետրոսյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: