20.12.2019 | 
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԿԻՑՈՒՆԵ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԿԻՑՈՒՆԵ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել հայ-ճապոնական հեքիաթի բեմադրությունը:

Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ճապոներենի խմբի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:

 

Հեքիաթի բեմադրումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Բեմում ուսանողները ներկայացրին հեքիաթ՝ ստեղծված երկու երկրների հայտնի հեքիաթային հերոսների միաձուլումից:

Հեքիաթի հիմքում ճապոնական «Կիցունե» (աղվես) հեքիաթն էր:

 

Մեզ հետ զրույցում ճապոներենի դասախոս Ամալյա Բալոյանը նշեց, որ փորձել են «Կիցունե» ճապոնական հեքիաթը նմանեցնել հայկական «Պոչատ աղվես»-ին:

«Մեր բեմադրման մեջ մենք խառնել ենք հայկական «Պոչատ աղվես» ու ճապոնական «Կիցունե» հեքիաթները,- պատմեց Ամալյա Բալոյանը,- այս երկու երկրների ազգային հեքիաթների միաձուլումից ստեղծված հեքիաթում կան  նաև «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Նաղաշը»»:

Ուսանողները հեքիաթը ներկայացրին հայերեն և ճապոներեն: