28.02.2020 | 
ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ
ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ
Հայերենի ոճի, նրբագեղության, մեղեդայնության մասին խոսում են ոչ միայն Հայաստանում և հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները, այլև օտարերկրացիները, որոնք, զմայլված ու հիացած մեր լեզվով, փորձում են սովորել այն ու հնչեցնել այնպես, ինչպես մեր՝ հայերիս շուրթերից է հնչում:

Ysu.am-ը փորձել է պարզել ԵՊՀ-ում հայերեն սովորող օտարերկրացիներից՝ ինչպիսին է մեր լեզուն և ինչպես է հնչում նրանց շուրթերից:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի, իրանուհի Հաջար Մոմենիին Հայաստան են բերել հայերենի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը: 

 

«Ես շատ եմ սիրում օտար լեզուներ սովորել և մի քանի լեզու գիտեմ, բայց երբ սկսեցի հայերենն ուսումնասիրել, այն ինձ շատ դուր եկավ,- ասում է Հաջարը և պարզաբանում:- Շուտով իմացա, որ իմ երկրում՝ Իրանում, հայերենի քիչ մասնագետներ կան: Բակալավրիատում հայերենին ծանոթանալուց հետո անմիջապես եկա Հայաստան, որ խորությամբ ուսումնասիրեմ հայերենը և խոսեմ տեղացիների նման»: 

 

Նրա բնորոշմամբ, հայերենն իր քերականությամբ նման է պարսկերենին, բայց այբուբենը յուրահատուկ է ու տարբերվում է այլ լեզուներից:

 

Բանասեր Հաջար Մոմենին ընթերցում է հայ գրականության գոհարները, վերլուծում հայ գրողների ստեղծագործությունները, կատարում թարգմանություններ:

 

 

Հայ լավագույն հեղինակներից և նրանց ստեղծագործություններից ուսանողուհին առանձնացնում է Նար-Դոսի «Ես և նա»-ն:

 

Ապագա բանասերի նպատակն  է ընդունվել Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրա և հետագայում վերադառնալ հայրենիք՝ այնտեղ դասավանդելու հայերեն:

 

Հայ բանասիրության ֆակուլտետում է սովորում նաև չինուհի Շի Խինգյուին, որին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

 

Բանասերը հայերեն սովորելու որոշումը կայացրել է 2014 թ. հայրենի քաղաքում՝ Պեկինում: 

 

«Հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որն ունի իր հատուկ այբուբենը, և իմ հայրենիքում՝ Չինաստանում, քչերն են խոսում այս լեզվով»,- պարզաբանում է Շին:

 

Նրա բնութագրմամբ, հայերենը և չինարենն ընդհանրություններ չունեն: 

«Հայերենում բառերը շատ երկար են, ինչն էլ հիշելու դժվարություն է առաջացնում, իսկ ավելի բարդ են հայերենի բարբառները, որոնք ևս փորձում եմ սովորել»,- անկեղծանում է ուսանողուհին:

 

 Այդուհանդերձ, նա հայերենը բնորոշում է գեղեցիկ և ոճականորեն հարուստ լեզու. «Հայերեն ուսումնասիրողը հասկանում է հայ ժողովրդի պատմությունը, էությունը և նույնիսկ բնավորությունը»:

 

Շին հայերենի մասին պատմել է նաև չինացի ընկերներին, որոնք նույնպես ցանկություն են հայտնել սովորելու. «Նրանք բոլորը ցանկություն ունեն հայերեն սովորելու, բայց կարծում են, որ շատ դժվար լեզու է, և սովորելու համար երկար ժամանակ է պահանջվելու»:

Ուսանողուհին մտադիր է ընդունվել Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրա՝ հայագետ դառնալու և հետագայում Չինաստանում այն դասավանդելու համար. «Այս ամենն ինձ հնարավորություն կընձեռի հայ գրականության մնայուն էջերը թարգմանելու չինարեն, և իհարկե, վերադառնալու Չինաստան՝ հայրենակիցներիս սովորեցնելու հայերենը»:

 

Շիի առօրյայի անբաժան մասն է հայալեզու ստեղծագործությունների ընթերցանությունը:

 

Դրանցից նա առանձնացնում է «Սասնա ծռեր» դյուցազներգությունը. «Հայրս նույնպես կարդացել է դյուցազներգությունը և կարծում է, որ շատ հետաքրքիր է, իսկ իմ կարծիքով, այն լավագույնն է և քաղաքակրթության խորհրդանիշը»:

 

Ysu.am-ը զրուցել է նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս ամերիկահայ Նշան Քեսեքերի հետ:

 

Վերջինս պատմեց Սան Ֆրանցիսկոյում հայերեն սովորելու, հայրենիք վերադառնալու և այնտեղ դասավանդելու մասին:

 

«Ինձ համար հայերեն սովորելը դժվար չէր։ Սան Ֆրանցիսկոյում մենք մի հայկական դպրոց ունեինք՝ Գ. Զ․Վ․ Ազգային Վարժարանը, որտեղ սովորում էինք արևմտահայերեն»,- պատմում է Նշանը Քեսեքերը և ասում, որ  գրական արևելահայերեն սովորել է Չիկագոյի համալսարանում։

 Նրանց ընտանիքում հայերեն են խոսել, հատկապես այն պատճառով, որ դասախոսի տատն անգլերեն չի խոսել. «Ամերիկայում բնակվող մեր հայ համայնքն ամեն կերպ ջանում է պահպանել հայերենը, փոխանցել սերունդներին»:

 

Հայերենը նկարագրելու համար իրանագետն ընտրում է մեղեդիկ և երաժշտական բառերը.«Մեր լեզուն մեղեդու նման է հնչում՝ մեղմ, երաժշտական, իհարկե, կարևոր է նաև, թե ում շուրթերից է հնչում»:

 

 

Նշան Քեսեքերի բնութագրմամբ, խոսակցական արևելահայերենով երբեմն դժվար է հաղորդակցվելը, հատկապես, երբ օտարաբանություններ են կիրառում:

 

Իրանագետը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր. «Նպատակ ունեի ծանոթանալու հայ պրոֆեսորների ու դասախոսների հետ, հաղորդակցվելու հայրենակիցներիս հետ՝ խորությամբ ուսումնասիրելով պատմությունը»:

Այժմ նա ապրում է Հայաստանում և դասավանդում ԵՊՀ իրանագիտության ամբիոնում:

 

Անգին Խաչատրյան