Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի հնագույն գրադարաններից մեկը` Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը, պատմության մեջ առաջին անգամ ցուցադրեց հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության իր հավաքածուն` 100-ից ավելի ցուցանմուշներ:
Պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների ու առևտրականների թողած ժառանգությունը:
Ցուցադրության կենտրոնական մեխը 17-րդ դարասկզբի հայտնի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը և նրա աշակերտ՝ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերն էին, ինչպես նաև հայկական առաջին տպագիր գրքերի օրինակները:
Հիմնական թեման, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության պատմությունն էր: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեստրի և Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրում էին Ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի մշակութային և կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Ներկայացվեց նաև Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի և Ֆեթիյե Չեթինի գործերում:
Հարկ է նշել, որ նման կարևոր նախաձեռնությունն իր ազդեցությունն ունեցավ բրիտանական լայն հասարակության և հատկապես միջազգային ուսանողական շրջանակում:
Հ.Գ.: Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայված այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602 թ.-ին, սակայն արմատներով գնում է մինչև 14-րդ դարի խորքերը: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում: