16.10.2021 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ:

 

-Պարո՛ն Պետրոսյան, կցանկանայի՝ համառոտ անդրադարձ կատարեիք հայ մամուլի անցած ճանապարհին:

 

- Հայոց պատմության մեջ մամուլը բացառիկ դեր ունի: Ավելի քան երկու դար նրան վիճակված էր դառնալու հայ ժողովրդի հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային կյանքի տարեգիրը, որի էջերում սերունդների հոգեմտավոր գործունեության պատկերն աննախադեպ է իր համակողմանի և բազմաշերտ մատուցմամբ: Այստեղ կուտակված ահռելի  հարստության ուսումնասիրությունը դեռ երկար տասնամյակներ կպահանջի հայագիտության հետազոտական հաստատություններից:

 

Պատմություն, փիլիսոփայություն, արվեստ, քաղաքականություն, տնտեսություն... Չկա հանրային կյանքի մի ոլորտ, որ անտեսված լինի մամուլի կողմից: Առաջին հայ պարբերականի խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանը թերևս պատկերացնում էր, թե քաղաքակրթական նոր մարտահրավերների շեմին ինչ կարևոր զենքի տեր է դարձնում իր ժողովրդին: Հատկապես 20-րդ դարասկիզբը հայ մամուլի ոսկեդարն էր, երբ վերջինս, գործելով հոգևոր հայրենիք ստեղծելու առաքելությամբ, մեծապես նպաստեց  հայոց պետականության վերականգնմանը:

 

- Արդյո՞ք հայ մամուլում նույն ոգևորությունն առկա էր նաև 20-րդ դարավերջին՝ Երրորդ Հանրապետության առաջին տարիներին:

 

- Այո՛, պարզապես քաղաքակրթական մարտահրավերներն արդեն ուրիշ էին: 1990-ականներից  համացանցը փոխեց աշխարհի հաղորդակցական պատկերը. դրվեց թվայնացման դարաշրջանի սկիզբը:

 

 

- Ֆակուլտետում Դուք դասավանդում եք «Հայ մամուլի պատմություն» առարկան: Հետաքրքիր է՝ ի՞նչ վերաբերմունք ունի վերջինիս հանդեպ սոցցանցերում «ապրող»  ուսանողը:

 

- Շատ կարևոր է, թե առարկայի մատուցման ինչ մեթոդ ես ընտրում: Նշեմ դրանցից մեկը: Մեր առաջին իսկ հանդիպմանն ուսանողներին ասում եմ. քանի  որ երեկ   հրապարակված նյութն արդեն իսկ պատմություն է, ուրեմն իրենք ևս այդ մամուլի պատմության կերտողներն են մեր օրերում: Այսինքն՝ պետք է զգան իրենց իբրև համամասնակից-համահեղինակներ և քաջատեղյակ լինեն նախորդների վաստակին: Կարևորում եմ նաև նրանց հետ ինտերակտիվ-երկխոսային հաղորդակցումը, ինչը որոշակի թարմություն է հաղորդում նյութի մատուցմանը:

 

- Մեր օրերում հաճախ է խոսվում տպագիր մամուլի մահվան մասին: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

 

- Իրոք, մամուլի թերթային տարբերակն այլևս քննություն չի բռնում: Այս իրողությունը գիտակցելով՝ խմբագիրները ժամանակին իրենց պարբերականները տեղափոխեցին համացանցային տարածք: Եվ տպագիրին փոխարինեց առցանց մամուլը: Վերջինս համացանցի շնորհիվ ձեռք բերեց մի շարք առավելություններ, որոնք վերաիմաստավորեցին մամուլի տեղն ու դերը մեր կյանքում: Նախ՝ նշեմ, որ   տպագիր տարբերակ ունեցող առցանց պարբերականներն իրենց արհեստավարժությամբ լավագույնն են համացանցում: Այսինքն՝ դասական լրագրության ավանդույթներն այստեղ ինչ-որ առումով շարունակվում են: Սրա հետ մեկտեղ, առցանց մամուլի գործունեությանը համընթաց, բազմապատկվեց ընթերցողների թիվը՝ լսարանի աննախադեպ ակտիվությամբ, կայքերի մեծ մասը լույս է տեսնում մի քանի լեզվով, նրանց հասանելիության շնորհիվ տեղեկությունը վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի տարբեր ծայրեր, տվյալ կայքի արխիվը հնարավորություն է տալիս անմիջապես գտնելու պարբերականի ցանկացած համար և հրապարակում, ավելի օպերատիվ ու բազմակողմանի են դարձել խմբագիրների, լրագրողների աշխատանքները և այլն:

 

- Մեդիայում տիրող նմանատիպ ակտիվ գործընթացների դեպքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարողանո՞ւմ է հետ չմնալ ժամանակից:

 

- Միանշանակ, մենք քայլում և գործում ենք ժամանակի հաղորդակցական մարտահրավերներին համընթաց: Ըստ այդմ՝ ամբիոններում փոխվում են դասավանդման ծրագրերը, վերջին տարիներին ներառել ենք մի շարք դասընթացներ, որոնք համահունչ են նոր մեդիային առաջադրվող պահանջներին և դիտարկվում են իբրև գիտակրթական առաջնահերթություններ: Նշեմ դրանցից մի քանիսը՝ «Համացանցային ԶԼՄ-ներ. տեսություն և պրակտիկա», «Տեղեկատվական անվտանգություն և կոնվերգենտ մեդիա», «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ և հասարակություն», «Մեդիա, հաղորդակցություն և մշակույթ»  և այլն: Ամբիոնում ներգրավված առաջատար մասնագետները  շարունակում են իրենց ուսումնագիտական  որոնումները: Իսկ հայ մամուլը, վստահ եմ, այսուհետ ևս հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ զարգացման նոր փուլերին համարժեք ինքնադրսևորման ձևաչափերով:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: