24.09.2021 | 
Հասարակություն
ԴՈՑԵՆՏ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԴՈՑԵՆՏ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և օդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանին 65-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել Մայր բուհի երկարամյա դասախոս, դոցենտ Արսեն Գրիգորյանի պարգևատրման արարողությունը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներն ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

 

«Ուրախ եմ երկարատև և բեղմնավոր աշխատանքի, ինչպես նաև համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել ուսանողների ու գործընկերների կողմից ամենասիրված դասախոսներից մեկին: Հուսամ, որ համալսարանում ծավալած Ձեր գործունեությամբ կշարունակեք նպաստել համալսարանի զարգացմանն ու բարգավաճմանը: Շնորհավորում եմ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ընդգծեց, որ մեծ է Արսեն Գրիգորյանի դերը մասնագետներ պատրաստելու գործում. «Նա, հիրավի, մեծ ծառայություն ունի երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Սակայն հատկապես ուզում եմ նշել, որ այս տարի Հայաստանի դպրոցականների թիմն Արսեն Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ միջազգային օլիմպիադայում առաջին անգամ գրավել է 3-րդ պատվավոր տեղը և բրոնզե մեդալ նվաճել: Եվ քանի որ 3-րդ մրցանակային տեղն ենք գրավել, ուստի ձեռք ենք բերել մյուս տարի Փարիզում կայանալիք միջազգային օլիմպիադային առանց նախնական որևէ մրցույթի մասնակցելու հնարավորություն: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում»:

 

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և նշեց, որ պարգևատրումը պարտավորեցնող է ու ոգևորող:

 

«Շատ շնորհակալ եմ վերաբերմունքի համար: 40 տարուց ավելի է, ինչ համալսարանում եմ՝ ուսանողական տարիներից: Ուսանողներին շատ եմ սիրում, ու այդ վերաբերմունքը փոխադարձ է: Աշխատում եմ օրինակ ծառայել նրանց, որպեսզի վարակեմ ուսման ծարավով: Բոլորն էլ փայլուն ուսանողներ ու հոյակապ անձնավորություններ են: Ուսանողի ձգտումները պետք է նկատել ու խրախուսել: Ես եռանդով լի եմ, անելիքները շատ են, մասնավորապես աշխարհագետների պատրաստման գործում»,- ասաց Արսեն Գրիգորյանը և հավելեց, որ այս տարի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը փայլել է, և ամեն ինչ արվելու է մյուս տարի կրկին հաջողության հասնելու և նոր մեդալներ նվաճելու համար:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Երևանի պետական համալսարանը կրել է ցավալի կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները հանդիպել են «ՌեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ և քննարկել ստարտափերի ձևավորման ու զարգացման հեռանկարները և համաշխարհային շուկայում ներկայանալու հնարավորությունները: