27.03.2019 | 
Գիտություն
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
«ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին և այժմ վերապատրաստում է իր գործընկերներին:

Մեզ հետ զրույցում Արթուր Ավագյանը փաստեց, որ Ավստրիայում տեղի ունեցած վերապատրաստման ծրագրի ընթացքում ծանոթացել և քննարկել են դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և ռեֆլեկտիվ իրականացնողի դերի  առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված սեփական լսարանում կիրառվող մեթոդների յուրահատկությունները, որոնք էլ իր կողմից անցկացվող 5-օրյա վերապատրաստման դասընթացի շրջանակում կներկայացնի գործընկերներին:

 

Գործընկերների հետ առաջին հանդիպման ժամանակ Արթուր Ավագյանը խոսեց համակցված ուսուցման և դասավանդման մասին՝ փաստելով, որ տեխնոլոգիաների վրա հիմնված ուսուցումը ձգվում է զուտ «դեմառդեմ» ուսուցումից մինչև ամբողջովին առցանց ծրագրեր, և յուրաքանչյուր դասախոս ինքը պետք է որոշի, թե կոնկրետ որ հատվածում պետք է իր կուրսը կամ ծրագիրը լինի:

 

«Խառը կամ համակցված դասընթացի դեպքում ուսուցման ձևաչափերից ընտրում ենք այն մեթոդները, որոնք առավել արդյունավետ են: Այդ ուսուցմանն անցնելու դեպքում պետք է վերանայել նաև դրան աջակցելու համար անհրաժեշտ հարմարությունները»,- փաստեց Արթուր Ավագյանը:

Բանախոսը գործընկերներին ներկայացրեց նաև լսարանային, համակցված և առցանց դասընթացների հիմնական տարբերությունները, ապա միասին քննարկեցին առավելությունները և թերությունները:

 

Արթուր Ավագյանն ասաց, որ վերապատրաստման դասընթացի հետագա հանդիպումներում նախատեսվում է, որ կքննարկվեն դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի աշխատանքները, կմանրամասնեն, թե ինչպես պետք է աշխատել ուսանողի հետ:

 

«Օրինակ՝ ուսանողի հետ աշխատելու համար առաջարկվում է 5 քայլից բաղկացած մի մոդել, որը հնարավորություն է տալիս մոտիվացնելու, ներգրավելու ուսուցողական միջավայր, ապա սոցիալականացնելու և, ըստ այդմ, օգնելու, որ ուսանողները տեղեկություններ փոխանակեն: Մոդելի 4-րդ քայլը նպաստում է, որ ուսանողն աստիճանաբար կարողանա վերահսկել իր ուսուցումը: Նա կդառնա գիտելիք գեներացնող համայնքի ինտեգրված անդամ ու կարժևորի իր դերն այդ խմբում: Իսկ վերջին քայլով նա արդեն կգնահատի իր անցած ճանապարհն ու կձգտի ավելի զարգանալ»,- պարզաբանեց Արթուր Ավագյանը:



Նրա հավաստմամբ, գործընկերներին ծանոթացնելու է թվային գործիքներին, որոնք կարելի է կիրառել ուսուցման գործընթացի ժամանակ, պատմելու է առցանց պորտֆոլիոների առկայության անհրաժեշտության մասին և փոխանցելու է առցանց դասախոսություններ պատրաստելու գործիքակազմի ու հնարավորությունների մասին գիտելիքներ:


 

«Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրը պատրաստելու է ծրագիր, որով ներկայացնելու է, թե ինչ քայլեր և մեխանիզմներ են կիրառվելու հետագայում՝ համակցված ուսուցում կազմակերպելու համար»,- ասաց Արթուր Ավագյանը:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: