28.03.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանի կողմից ղեկավարվող գիտական խմբի ««Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Մեզ հետ զրույցում Աշոտ Ենգոյանը փաստեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերի վերլուծությունը ժամանակակից հայ քաղաքական գիտության կարևոր հիմնախնդիրներից մեկն է. «Չնայած նրան, որ շրջանառություն դրվելու պահից ի վեր այդ հայեցակարգի շուրջ ծավալվող քննարկումները չեն դադարում հասարակական-քաղաքական գործընթացների առանցքը լինելուց, դրա վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ խորքային հետազոտությունների սակավություն է նկատվում»:

 

Նրա հավաստմամբ, հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերի վերհանումը թույլ կտա այն դիտարկել հայոց ազգային գաղափարախոսության համատեքստում, ինչը հիմք կարող է դառնալ բանակ-հասարակություն հոգևոր միասնության, ազգային համախմբման և այդ արժեհամակարգի՝ հասարակական գիտակցության մեջ արմատավորման համար. «Սրանով է պայմանավորված տվյալ թեմայի ընտրությունը և արդիականությունը»:

 

«Մենք շեշտադրումները որոշեցինք դնել գաղափարաքաղաքական հիմքերի վրա, քանի որ առանց դրանց ոչ մի նման ծրագիր, ոչ մի հայեցակարգ չի կարող իրականացվել: Մեր կողմից իրականացված գործնական աշխատանքներն էլ ցույց տվեցին, որ առանց գաղափարների, այդ հայեցակարգը հանգեցնելու է շատ բացասական երևույթների»,- ասաց Աշոտ Ենգոյանը:

 

Նրա կարծիքով, պատահական չէր, որ հայեցակարգը ներդնելուց հետո, պարզ դարձավ, որ այն ընդամենը ֆինանսական խնդիրների լուծման միջոց է և հասարակությանը դեպի ռազմականացում տանող ճանապարհ. «Մենք եկանք այն եզրակացության, որ հայեցակարգի հիմքում գաղափար չկա: Ըստ էության՝ խոսքով շեշտվում էր, որ դա այդպես չէ, բայց գործողությունները ցույց տվեցին, որ մենք գնում էինք այդ ճանապարհով: Գործողություններից մեկը, օրինակ, տարկետումը վերացնելու փորձն էր: Իսկ գիտեք, որ ռազմականացումը, այն էլ 21-րդ դարում, շատ բացասական երևույթ է: Անգամ Իսրայելն այսօր չենք կարող ռազմականացված երկիր համարել»:

 

«Մեր թիմը հետազոտել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Իսրայելի փորձը, ուսումնասիրել դրանց պատմական կարևոր իրադարձությունները և հասկացել, թե որոնք են այն հիմնական գաղափարները, որոնք սնել են այդ հայեցակարգը: Մենք ուսումնասիրել ենք նաև այս թեմայով գրված հոդվածները և եզրահանգել, որ ընդօրինակվել է միայն կարգախոսը՝ առանց հիմնվելու պատմական փորձի վրա, որն ամենակարևորն է»,- փաստեց ամբիոնի վարիչը:

 

Աշոտ Ենգոյանի համոզմամբ, հայ ժողովուրդը միտված է խաղաղ, արդյունավետ աշխատանքի. «Բացի դրանից՝ հայերը ռոմանտիկ են, ինչի արդյունքում էլ ազգային իդեալները միշտ վառ են պահվում այստեղ, շատ անգամ էլ՝ ցավոք ձևական: Եվ նախորդ իշխանությունները, լավ հասկանալով այդ յուրահատկությունը, անընդհատ խաղում էին հասարակության նուրբ լարերի հետ՝ խոսելով հայրենասիրության մասին: Իսկ դա խոսքով չի առաջանում, պետք է սիրո սերմեր ցանել հայրենիքի նկատմամբ: Եվ առաջին հերթին հենց նյութական պայմանների բարելավմամբ, բայց մեզ մոտ այդ գործընթացին խանգարում էր պետությունը»:

 

 «Մենք առաջարկում ենք, որ հայեցակարգի մեջ եռամիասնության գաղափարը լինի, այսինքն՝ ոչ թե ազգ-բանակ, այլ ազգ-պետություն-բանակ: Դրանք պետք է իրար հետ փոխկապակցված լինեն, պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի: Բացի դրանից՝ սերն առ հայրենիք պետք է  հիմնված լինի լուրջ նյութատեխնիկական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային բազայի վրա: Իսրայելցիներն իսկապես նվիրված են իրենց հայրենիքին. ինչո՞ւ, որովհետև նախ ունեն ազգային գաղափարախոսություն, ինչը մեզ մոտ բացակայում է, և միևնույն ժամանակ պետությունը կանգնած է իր յուրաքանչյուր քաղաքացու, զինվորի թիկունքին»,- նշեց գիտական խմբի ղեկավարը:

 

Գիտական ղեկավարի կարծիքով, բանակում ծառայելը պետք է նախևառաջ ինքնակամ լինի. «Բայց զինվորների մոտ կար գիտակցում, թե այդ գործընթացով նրանք պաշտպանում էին որոշակի խավի շահը, նրանց հարստությունը և այլն»:

 

Նրա խոսքով, նախևառաջ պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և ապա միայն սերմանի նվիրվածություն դեպի հայրենիք. «Հակառակ դեպքում՝ այս հայեցակարգը դառնում է ևս մեկ լծակ՝ ժողովրդին ծնկի բերելու համար: Եթե ապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, ժողովուրդն ինքը կհանգի ազգ-բանակ հայեցակարգի իրականացման անհրաժեշտությանն այն ձևով, ինչն ընդունելի է»:

 

«Մենք առաջարկում ենք փոխել նաև քարոզչության ռազմավարությունը: Օրինակ՝ այժմ քարոզվում են ֆիդայիների կերպարներ, հերոսացնում նրանց, ինչը, մեր կարծիքով, սխալ է, քանի որ այդ կերպ նսեմացվում է բանակի՝ որպես պետական կառույցի դերը»,- փաստեց Աշոտ Ենգոյանը:

 

Ի դեպ, գիտական թեման ուսումնասիրող խմբում ներառված են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտներ Խոսրովադուխտ Ազատյանը և Առնակ Սարգսյանը:

 

Աշոտ Ենգոյանի հավաստմամբ, ուսումնասիրության ավարտին արդյունքները կհրապարակվեն գրքույկի տեսքով:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: