15.05.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկի հետ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, ներկայացուցիչներ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներ տարբեր ֆակուլտետներից։ 



Հանդիպման սկզբում Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու «ACCA» միջազգային ծրագրին, որը թույլ կտա աշխատանք գտնել աշխարհի տարբեր երկրներում:

«ACCA»-ի Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկը և Աշխատակիցների հետ տարվող բաժնի ղեկավար Յուլիա Անդրիենկոն ողջունեցին ներկաներին ու պատմեցին ասոցիացիայի կողմից տրվող հնարավորությունների մասին:



Յուլիա Անդրիենկոն ասաց, որ ծրագրի լեզուն անգլերենն է, և նախագծի կողմից տրված հավաստագիրը գործում է աշխարհի 180 երկրներում:

«Այս պահին մեր ծրագրով սովորում են 500 հազարից ավելի ուսանողներ, իսկ 218 հազարն արդեն ունեն որակավորում և հնարավորություն՝ աշխատելու տարբեր երկրներում»,- նշեց նա:



Բանախոսներն ուսանողներին ներկայացրին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի հավաստագիր ստանալու, ուսման տևողության և քննությունների մանրամասները. «Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 13 քննություն, էթիկայի մոդուլ, ինչպես նաև ունենալ 3 տարվա աշխատանքային փորձ, որը կարելի է ձեռք բերել հընթացս»:

Հանդիպման ավարտին ուսանողները հարցեր հղեցին հյուրերին և ծրագրի մասին ավելին իմանալու ցանկություն հայտնեցին, ինչի համար նրանց խորհուրդ տրվեց այցելել «ACCA» պաշտոնական կայքէջ:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» թեմայով դասախոսություն-քննարկում, որը կազմակերպել էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը՝ ի դեմս Լիանա Մկրտչյանի։
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազանի դաշնային համալսարանի կողմից կազմակերպվել է արաբերենի համառուսաստանյան 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են ավելի քան 120 ուսանողներ Ռուսաստանի տարբեր քաղաքների համալսարաններից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սիմֆերոպոլ, Ուֆա), ինչպես նաև ներկայացուցիչներ Բելառուսից, Հայաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից։