18.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՐՄԵՆՊՐԵ´Ս
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՐՄԵՆՊՐԵ´Ս
«Արմենպրես» լրատվական գործակալությունը 90 տարեկան է:

Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մերկնարկեց «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված «Արմենպրեսի» հիմնադրման 90-ամյակին: Կազմակերպիչներն էին Պետական հոբելյանական հանձնաժողովը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ «Արմենպրես» գործակալությունը:

 

Գիտաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մասնագետներ` լրատվական գործակալությունների տնօրեններ, լրագրողներ, ովքեր ավելի շատ են ներգրավված ինֆորմացիոն պատերազմների ոլորտում: Մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնագետներին, սակայն թուրքերը մի քանի օր առաջ մերժել են, իսկ ադրբեջանցիները հրաժարվել են` պատճառաբանելով, որ գիտաժողովին մասնակցելուց հետո իրենց երկրում իրենք կարող են խնդիրներ ունենալ:

 

Զեկույցները ներկայացնողները ուսումնասիրել էին տարբեր ոլորտներ` «Հայաստանի ԱԳՆ աշխատանքը տեղեկատվական պատերազմների համատեքստում», «Տեղեկատվական պատերազմները էներգետիկ ոլորտում», «Հայ- ադրբեջանական հակամարտության մեջ օգտագործվող քարոզչական թեզերը» եւ այլն: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով «Արմենպրեսի» 90-ամյա հոբելյանը, տեղեկացրեց, որ 2009 թ. հունվարին կստեղծվի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված մի հանձնաժողով, որն էլ կմշակի մեր երկրի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը:

 

«Այս միջոցառումը տարբերվում է նաեւ նրանով, որ մինչ օրս երբեք չի նշվել «Արմենպրեսի» որեւէ ամյակ: Գործակալության հիմնադրման տարեթիվը համարում էին 1922 թ-ը, երբ խորհրդային իշխանությունները որոշեցին ստեղծել նոր գործակալություն` չեղյալ համարելով հինը: Եվ փաստորեն առաջին անգամն է, որ «Արմենպրեսի» ծնունդը հաշվում ենք 1918 թ-ից»,- ասաց գործակալության տնօրեն Հրայր Զորյանը:

 

Գիտաժողովին զուգահեռ ցուցադրվում էր նաեւ «90 տարի Հայաստանի հետ» լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ժամանակագրական կարգով ներկայացված էին 90 տարիների ընթացքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների դրվագներ` Մետրոպոլիտենի բացումը, Շառլ Ազնավուրի այցը Հայաստան երկրաշարժի ժամանակ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Միասնության շուրջպարը եւ այլն, որոնց անդրադարձել է «Արմենպրեսը»: Լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը հավելեց, որ համալսարանից հետո ցուցահանդեսը շրջելու է նաեւ Հայաստանի մարզերում:

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: