20.05.2019 | 
Հասարակություն
100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻԻ № 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
100-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻԻ № 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ, ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի ղեկավարությամբ, մայիսի 18-ին այցելել են Գյումրիի №1 ավագ դպրոց և աշակերտներին ներկայացրել ԵՊՀ կառուցվածքը և գործունեությունը:

Մեզ հետ զրույցում Արթուր Իսրայելյանը փաստեց, որ ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված այցի նպատակն ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստել և նրանց դեպի ԵՊՀ ուղղորդելն էր: Դպրոցի ընտրությունը, Արթուր Իսրայելյանի հավաստմամբ, պայմանավորված էր չինագիտության ոլորտում տնօրեն Նաիրա Թադևոսյանի հետ ունեցած գործնական հարաբերությունների ամրապնդմամբ և երկու կառույցների միջև համագործակցության հաստատելու պատրաստակամությամբ:

«ԵՊՀ 100-ամյակի շրջանակում ես և արեբերենի խմբի իմ ուսանողները որոշեցինք հանդիպել ավարտական դասարանների աշակերտներին, ծանոթացնել ԵՊՀ-ի գործունեությանը, ներկայացնել մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և պատասխանել նրանց հարցերին: Ի դեպ, դպրոցն ունի չինարենի դասարան»,- ասաց Արթուր Իսրայելյանը:

 

Աշակերտների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ծնողները, Արթուր Իսրայելյանը ներկայացրել է ԵՊՀ պատմությունը, մանրամասնորեն խոսել կառուցվածքի և գործընկեր համալսարանների հետ հաստատված համագործակցության մասին:

 

Բացի դրանից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալն աշակերտներին պատմել է, թե ինչ լեզուներ են դասավանդվում ԵՊՀ-ում, ինչ մեթոդներով և ծրագրերով են դրանք ուսուցանվում:

 

Խոսելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասին՝ Արթուր Իսրայելյանը փաստել է, որ այն մասնագետներ է պատրաստում դիվանագիտական ծառայության, միջազգային կազմակերպությունների, հանրապետության պետական իշխանության մարմինների, ինչպես նաև ոչ պետական հաստատությունների ու առանձին կազմակերպությունների հետազոտական-վերլուծական բաժինների համար:

 

Նա աշակերտներին պատմել է, թե ինչ ամբիոններ են գործում ֆակուլտետում՝ մանրամասնորեն խոսելով դրանց գործունեության մասին, ներկայացնելով  դասախոսներին և դասավանդվող առարկաներին, ինչպես նաև ֆակուլտետի արտաքին կապերը:

 

 

Անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին՝ Արթուր Իսրայելյանն աշակերտներին ներկայացրել է Արաբագիտության,    Իրանագիտության և Թյուրքագիտության բաժինները՝ փաստելով, որ ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումներն Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ:

 

Հանդիպման ընթացքում ապագա ուսանողները ծանոթացել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի» գործունեությանը, հիմնական խնդիրներին, գործառույթներին, ինչպես նաև կազմակերպվող ծրագրերին և միջոցառումներին:  

 

Դեկանի տեղակալն աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ կայքը՝ մանրամասնորեն անդրադառնալով դրա բաժիններին և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործիքներին:

Մեզ հետ զրույցում Արթուր Իսրայելյանն ասաց, որ այցի ձևաչափի առանձնահատկությունն ուսանողների ներգրավվածությունն էր. «Բացի նրանից, որ ուսանողներն ավելի լավ կներկայացնեին ուսանողական կյանքի յուրահատկությունները, նրանց ներկայությունն աշակերտներին ավելի անկաշկանդ էր դարձնում»:

 



Հանդիպման մասնակից ուսանողներ Աննա Գևորգյանը, Աննա Աթաբեկյանը, Դիանա Տեր-Զաքարյանը, Մարան Միլիտոնյանը և Վենետիկ Չականդարյանն աշակերտներին պատմել են ուսանողական կառույցների, ինքնադրսևորման տարբեր հարթակների մասին, ներկայացրել են գործող ռազմական և սպորտային ակումբների գործունեությունը, խոսել արտասահմանում վերապատրաստման ծրագրերի և այլ հնարավորությունների մասին:

 

Արթուր Իսրայելյանը փաստեց, որ այցի շրջանակում այցելել են նաև Գյումրիի պատմամշակութային վայրեր: Նա ասաց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական կլինեն:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Իրավական օգնության ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով քառօրյա միջազգային աշխատաժողովը:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ: