25.10.2021 | 
Ուսանողական
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննություններին ընդառաջ կազմակերպվել և իրականացվել է ավանդական դարձած «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» երկօրյա ծրագիրը:

«Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» ծրագիրը նպատակ ունի ներկայացնելու  ուսանողների իրավունքները, բացատրելու բողոքարկման և լուծարքների ընթացակարգերն ու առանձնահատկությունները, օգնելու ուսանողներին էլ ավելի պատրաստված լինել համալսարանական կյանքի ընթացքում:

 

Երեք հանդիպումների ձևաչափով անցկացված ծրագրին մասնակցել է շուրջ 250 ուսանող ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից։

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը նշեց, որ ուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ մինչև առաջին քննաշրջանի սկիզբ, կազմակերպում են այս իրազեկումը՝ նպատակ ունենալով տեղեկացնելու կամ հիշեցնելու ուսանողներին բողոքարկման և լուծարքների դեպքում իրենց վարքագծի, իրավունքների և պարտականությունների մասին. «Նմանատիպ ծրագրի պահանջարկը մեծ է հատկապես առաջին կուրսի ուսանողների շրջանում։ Այս տարի ընտրել ենք առցանց ձևաչափը՝ հաշվի առնելով համավարակի պայմաններում ուսանողների մեծ խմբերի կուտակումից խուսափելու, ինչպես նաև բոլոր ուսանողների համար մասնակցության հնարավորինս հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»։

 

Իրազեկման ժամանակ բանախոսները պատասխանել են բացակաների, դրանց հետևանքների, ռոտացիայի, ՄՈԳ-ի, կրեդիտների, անվճար ուսուցման համակարգի, ԵՊՀ էլեկտրոնային հարթակից օգտվելու որոշ առանձնահատկությունների և այլ ընթացակարգերի վերաբերյալ ուսանողների հարցերին:

 

Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնչեցրել են իրենց առաջարկները՝ կապված ուսումնական ու ընթացակարգային խնդիրների հետ, ինչպես նաև փորձել պատասխան ստանալ այս կամ այն խնդրի լուծման հնարավոր ուղիների մասին։

 

Կարոլինա Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր հարցի տրվել է պատասխան, իսկ բողոք-առաջարկներ հնչեցրած ուսանողների հետ Իրավական հանձնաժողովը կապ է հաստատել նաև իրազեկումից հետո՝ ավելի հանգամանալից հասկանալու խնդրի էությունը և դրան արդյունավետ ու արագ լուծում տալու նպատակով։

 

ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահը հավելեց, որ անչափ ոգևորիչ են ուսանողների ակտիվ մասնակցությունը, հարցերի և առկա իրավիճակների բարձրաձայնումը. «Հաշվի առնելով ծրագրի հանդեպ ուսանողների այդչափ հետաքրքրվածությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկայում սպասվում են իրազեկման նոր ծրագրեր՝ ուսանողական նպաստների (զեղչերի), ներբուհական կրթաթոշակների, ուսանողի աշխատանքային իրավունքների, տարկետման, տեղափոխության ընթացակարգերի և համալսարանական ու արտահամալսարանական իրավական այլ ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ»։  

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը: