05.10.2006 | 
Հասարակություն
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ-ՈՒՄ
«Եվրամիությանը միանալ ցանկացող երկիրը պետք է ունենա զարգացած տնտեսություն, առօրյա կյանքը պետք է նմանվի այդ երկրների կյանքին: Ամեն մի քաղաքացի պետք է հարուստ լինի իր երկրում»,-ասաց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:

Հոկտեմբերի 5-ին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն այցելեց Երեւանի պետական համալսարան: Մի կողմ դնելով ներկաներին նախօրոք բաժանված ելույթի տեքստը` նախագահը համալսարանի ղեկավարության, դասախոսների եւ ուսանողների հետ խոսեց հանպատրաստից: Իր ելույթի ընթացքում Ռումինիայի նախագահը մանրամասն ներկայացրեց այն ճանապարհը, որն անցել է իր երկիրը Եվրամիությանը անդամակցելու նպատակին հասնելու համար:

«Մեր երկու բարեկամ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ մշակութային ակտիվ երկխոսություն, որի ակնառու վկաներն են ավելի քան 30 ստորագրված համաձայնագրերը»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:


Ռեկտորը տեղեկացրեց, որ 2006 թվականին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես դիտորդ, մասնակցել է Սեւծովյան երկրների երկխոսությանն ու համագործակցությանը նվիրված գագաթաժողովին: Այդ համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում ԵՊՀ-ի եւ Ռումինիայի կրթական հաստատությունների համատեղ անդամակցությունը Սեւծովյան երկրների համալսարանական ցանցին:

Տրայան Բասեսկուն Ռումինիայի նախագահ է ընտրվել 2004 թ-ի դեկտեմբերին: Մինչ այդ` 2000-2004 թթ-ը, եղել է Բուխարեստի քաղաքապետ: 1991-1992 եւ 1996-2000 թթ-ին եղել է Ռումինիայի տրանսպորտի նախարար: Իսկ մինչեւ քաղաքականությամբ զբաղվելը, Ռումինիայի նախագահը, ավարտելով «Միրկեյա սել Բատրան» նավագնացության ինստիտուտը, եղել է մի շարք նավերի հրամանատար:

Ժամանակի սղության պատճառով Ռումինիայի նախագահը պատասխանեց միայն երկու հարցի: Հնչած երկու հարցն էլ վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը: «Պահեք պատմությունը գրքերում եւ ազգերի հիշողության մեջ, սակայն մի դարձրեք ցեղասպանությունը ապագայի կերտման հիմք»,- նկատեց Ռումինիայի նախագահը:

ԵՊՀ ռեկտորը Տրայան Բասեսկուն շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում եւ նվիրեց համալսարանի ոսկեզօծ մեդալը: Ա. Սիմոնյանը հույս հայտնեց, որ այսուհետ եւս երկու երկրներն էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն համագործակցության գիտակրթական ոլորտին եւ հավաստիացրեց, որ ԵՊՀ-ն միայն կողջունի ռումինացի իր գործընկերների հետ էլ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: