14.05.2021 | 
Գիտություն
«ՀԻԳԻԵՆԻԿ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԻԳԻԵՆԻԿ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հիգիենիկ նախագծման հիմունքներ» երկօրյա դասընթացը։

Միջոցառումը կազմակերպել էին Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը։

 

Դասընթացի կազմակերպիչ, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի» (ՀԻԴԵԽ) հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ու «Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորման» նախագահ Կարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա դասընթացը տեղի է ունենում «ՀԻԴԵԽ»-ի և ԵՊՀ-ի միասնական ջանքերով։


«Դասընթացի շրջանակում մենք ուսումնասիրելու ենք սննդի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, խոսելու ենք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք անհրաժեշտ է ներդնել տեղական արտադրության մեջ։ Վերջին տարիներին հայաստանյան ընկերությունները բավականին հետաքրքրված են սննդի անվտանգությամբ, այդ իսկ պատճառով որոշվեց նախաձեռնել նման դասընթաց՝ եվրոպական հաջողակ փորձը կիրառելու համար»,- նշեց Կ. Գրիգորյանը։

 


Դասընթացը, որին ներկա էին Հայաստանում սննդի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, մեկնարկեց Կ. Գրիգորյանի ողջույնի խոսքով։ Վերջինս նշեց, որ ներկաները երկու օրվա ընթացքում հնարավորություն կունենան լսելու Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի կենսաճարտարագետ Ֆրանկ Մոհերմանին, քննարկելու նրա հետ սննդի անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ և հարցեր հղելու նրան։

 


Մինչ դասընթացը սկսելը Ֆ. Մոհերմանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար։ Նա դասախոսության ու տեսապատկերների միջոցով ներկայացրեց սննդի արտադրության գործարանների հիգիենիկ նախագծման և ապահովման հիմնական դրույթները։ Բանախոսը խոսեց հիգիենիկ ինժեներիայի և նախագծման հիմնական կանոնների մասին, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին։


Հիշեցնենք, որ դասընթացի վերջում մասնակիցներն անցնելու են համապատասխան թեստավորում և ՀԻԴԵԽ-ի կողմից հավաստագրեր են ստանալու։

Այլ նորություններ
ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է. ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ 5 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ի ներկայացրած գիտական 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։