03.12.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Ինչ է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը, ինչու եւ ինչպես կարելի է այն հայտնաբերել:

Այս խնդիրը ներկայացնող զեկույցը մեկն էր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում այսօր անցկացված գիտաժողովի ելույթներից: «Շրջակա միջավայրի պահպանություն եւ զարգացում» թեմայով միջբուհական ուսանողական գիտաժողովի շրջանակում տարբեր բուհեր եւ մասնագիտություններ ներկայացնող երիտասարդներն իրենց զեկույցներում ոլորտի տարաբնույթ խնդիրներ էին շոշափում բնապահպանական իրավունքի տեսանկյունից:

 

Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի հետ համատեղ: Վեց մասնակիցները ներկայացնում էին Երեւանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ «Գալիք» համալսարանները: «Այսօրինակ գիտաժողովները նոր տեղեկատվության եւ փորձի հրաշալի աղբյուր են: Տարբեր համալսարանների ուսանողները, կախված բուհերի կրթական ծրագրերից եւ դասավանդող դասախոսներից, առաջադրված խնդրին հաճախ տարբեր կերպ են մոտենում:

 

Այս հանգամանքն ավելի հետաքրքիր ու արդյունավետ է դարձնում զեկուցումների քննարկումները»,- ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Ալմաստ Վարդանյանը: Կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նշեց, որ ամենեւին էլ պատահական չէ, որ ոլորտի մասնագետները բնապահպանության գործում կարեւորում են հատկապես երիտասարդների ներգրավվածությունը:

 

«Երիտասարդներն են, որ իրական պահանջատերն են ե´ւ ներկայի, ե´ւ ապագայի: Օգտագործեք օրենքով ձեզ տրված բոլոր հնարավորությունները` պահպանելու մեր շրջակա միջավայրը»,- մասնակիցներին կոչ արեց Աիդա Իսկոյանը: ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնում անցկացվող արդեն ավանդույթ դարձած միջբուհական գիտաժողովները տարբերվում են ընդունված ձեւաչափից: Որպես կանոն` զեկուցումների թիվը չի հասնում 10-ի, գրեթե նույնքան են նաեւ մասնակիցները:

 

Կենտրոնի ներկայացուցիչները խոստովանում են, որ նման աշխատաոճը պայմանավորված է մասնակցել ցանկացողների քիչ թվով, բայց եւ վստահեցնում` կլոր սեղանը, զեկույցների եւ մասնակիցների քիչ քանակությունն ապահովում են գիտաժողովի արդյունավետությունը: «Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք, որ մասնակից բուհերի եւ ուսանողների թիվն ընդլայնվի, սակայն ակամայից ձեւավորված այս աշխատաոճն ունի իր ակնհայտ առավելությունները: Մասնակիցները չեն հոգնում, ավելի հեշտ են մարսում տեղեկատվությունը, ավելի արագ միանում քննարկումներին»,-ասում է կենտրոնի աշխատակից Հեղինե Հախվերդյանը:

Այլ նորություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» (FMD K&L Europe) ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մասնագիտական դասընթացով:
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որի նպատակն է նպաստել լրագրողների իրավական գրագիտության բարձրացմանը, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների համար «Մեդիա իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով: