Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Ն. Քոչարյանի որդի Արմեն Քոչարյանը:
Ռաֆիկ Հակոբյանը նշեց, որ 2003 թվականից Ն. Քոչարյանի որդիներ Կարեն և Արմեն Քոչարյանների նախաձեռնությամբ ու միջոցներով սահմանվել է «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակը, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են ֆակուլտետի լավագույն մագիստրոսական թեզ պաշտպանած շրջանավարտները: Նշենք, որ ի հիշատակ Ն. Քոչարյանի ծառայությունների՝ Ֆիզիկայի ֆակուլտետի թիվ 310 լսարանն անվանակոչվել է նրա անունով:
Նշենք, որ ֆակուլտետի դեկանն ամբիոնի վարիչների հետ նախապես քննարկել է այս տարվա մագիստրոսական աշխատանքները, ինչի արդյունքում ընտրվել են լավագույն երկուսը:
Մրցանակի հանձնման արարողությունից առաջ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները ներկաների հետ կիսվեցին պրոֆեսոր Նորայր Քոչարյանի մասին իրենց հուշերով:
Այս տարի Նորայր Քոչարյանի անվան «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակին արժանացան Աննա Այվազյանը և Տիգրան Պետրոսյանը: Շրջանավարտները ստացան դրամական պարգև և պատվոգիր:
Աննա Այվազյանի խոսքով, անչափ հաճելի է գնահատված լինելը. նման ուշադրությունը կարող է ոգևորիչ լինել մասնագիտության ոլորտում առաջընթաց և հաջողություններ գրանցելու համար: Տիգրան Պետրոսյանը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին մրցանակն իրեն շնորհելու համար:
Նադեժդա Տեր-Աբրահամյան