07.02.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸՆԾԱՅԱԾ ԳԻՐՔԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸՆԾԱՅԱԾ ԳԻՐՔԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Փետրվարի 6-ին ԵՊՀ հրատարակչության լույսընծայած «Հովհաննես Շիրազ, գիրք Բ» գրքին շնորհվել է Հայաստանի գրողների միության նախագահության մրցանակ:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն) հանձնվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանին «Հովհաննես Շիրազ, գիրք Բ» գրքի համար:

 

Սամվել Մուրադյանը 2011թ.-ից զբաղվել է Հովհաննես Շիրազի երկերի ուսումնասիրության և հրատարակության հարցով: «Հովհաննես Շիրազ» մենագրության 2-րդ գիրքը ներառում է գրականագետի այն ուսումնասիրությունները, որոնք գրվել են վերջին շրջանում: Մենագրության էջերում գրական ազգակցության տեսանկյունով ներկայացվում է Հ. Շիրազի սիրերգությունը, քննվում են նախորդ շրջանների հայ բանաստեղծների և աշուղագուսանական, ժողովրդական բանարվեստի հետ առնչությունները, քառյակները:

 

Աշխատությունում նաև առաջին ամբողջական խոսքն է ասվում «Անի» և «Թոնդրակեցիները» պատմափիլիսոփայական, ազգային ու համամարդկային ծավալուն պոեմների ինչպես գեղարվեստական յուրահատկությունների, այնպես էլ  արդիականության մասին:

 

«2011 թ.-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ հնարավոր եղավ հրատարակել Շիրազի «Անի»-ն, որը բացառիկ է իր տեսակով: Ժամանակներ անց հրատարկվեցին նաև այլ գործեր: 2012 թ.-ին հրատարակվել է մրցանակ ստացած գրքի առաջին հատորը, մրցանակը հանձնվել է գրքի երկրորդ հատորին: Ինձ համար շատ ուրախալի է ստանալ այն, որովհետև Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ ստանալը պատիվ է ցանկացած գրականագետի համար»,- նշել է Սամվել Մուրադյանը:

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ փաստել է, որ այս տարի ևս մրցանակաբաշխության ժամանակ ընտրվել են լավագույն գործերը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը: