«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ԵՊՀ հրատարակչությունը ճիշտ ժամանակին՝ Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ, կարողացել է մեր ուսանողներին և մասնագետներին լավ նվեր մատուցել: Հրատարակվել է 20-րդ դարավերջի ֆրանսիացի հռչակավոր սոցիոլոգներ Պիեռ Բուրդիեի և Ժան Բոդրիարի հոդվածների, հարցազրույցների և էսսեների ի մի բերված հայերեն թարգմանությունը»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:
Նա նշեց նաև, որ գիրքը Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից աջակցություն է Ֆրանկոֆոնիային: Գրքի գիտական խմբագիրն է դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը. «Նա կարդացել և համեմատել է ֆրանսերեն տեքստը հայերենի հետ, տվել է դրական եզրակացություն, ինչի հիման վրա էլ ֆակուլտետի գիտական խորհուրդը գիրքը երաշխավորել է տպագրության»:
Գրքի թարգմանության մասին խոսելիս Արթուր Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Հռիփսիմե Դայանին: «Նա «մաքուր էնտուզիազմի» հիման վրա, ինքն իր նախաձեռնությամբ է այս գործն արել: Սա մեծ նվեր է հատկապես Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար, որովհետև, ցավոք, շատ քիչ են հայալեզու հասարակագիտական աշխատությունները»,- նշեց նա:
Անդրադառնալով խորհրդային տարիների թարգմանություններին՝ Արթուր Մկրտիչյանն ընդգծեց ոլորտի բացերը. «Խորհրդային տարիներին գաղափարական հիմնավորումներից ելնելով` սոցիոլոգիական աշխատությունների թարգմանությունները քիչ էին, քանի որ չէին համատեղվում մարքսիստական սոցիոլոգիայի հետ»:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը կարևորեց այս հեղինակների աշխատությունների թարգմանությունը, քանի որ նրանք ընդգրկված են ուսումնական ծրագրում: «Մեր ֆակուլտետի մագիստրոսներն ուսումնասիրում են և՛ Բուրդիե, և՛ Բոդրիար: Այժմ ավելի արդյունավետ կլինի դասավանդումը, քանի որ ուսանողները հնարավորություն կունենան հայալեզու տեքստերի շնորհիվ զարգացնելու իրենց մտածողությունը»:
«20-րդ դարավերջի այս խոշոր մտածողները ֆրանսախոս մշակույթում մի ամբողջ դարաշրջան են ներկայացնում: Այսօրվա Ֆրակնոֆոնիան, այսօրվա ֆրանսիական մշակույթն անհնար է պատկերացնել առանց այս երկու հեղինակների՝ Բուրդիեի և Բոդրիարի: Բուրդիեի «Տարբերակում» աշխատությունը համարվում է սոցիոլոգիայի պատմության մեջ երբևիցե լույս տեսած լավագույն 3 գրքերից մեկը»,- հավելեց Արթուր Մկրտիչյանը:
Մարի Ռաֆյան