20.06.2011 | 
Մշակույթ
«ԿԱՐՈՏԸ » ՎԵՐՋԱՊԵՍ ԲԵՄՈՒՄ
«ԿԱՐՈՏԸ » ՎԵՐՋԱՊԵՍ ԲԵՄՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում հունիսի 17-ին մի ամբողջ տարվա աշխատանքի ու հույզերի առաջին ցուցադրությունն էր:

Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի բեմադրությամբ բեմին էր Նոդար Դումբաձեի «Կարոտ» պատմվածքը: Ներկայացման ծնունդը տեւել է մեկ տարի: Քրտնաջան փորձերն ու լուսային, ձայնային եւ խրոնոգրաֆիկ աշխատանքների ներդաշնակ համադրությունը տվեցին իրենց պտուղը` հուզելով դահլիճին: Հետաքրքիր էր նաեւ բեմադրության մտահղացումը. կարոտը` աննյութեղեն, բայց իրական մի կերպար: «Ցանկացած գործ կարդալիս ես պատկերացնում եմ դրա բեմադրությունը` դեկորացիայից մինչեւ էպիզոդիկ դերասաններ»,- ասում է տիկին Դավթյանը:

 

Ներկայացման առանցքային կերպար մարմնավորող Գրիգոր Էլիզբարյանն այս տարի ավարտել է Աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Երեկոյի բազմաթիվ ծափողջույնների հասցեատերը ներկայացումից հաշված օրեր հետո կհամալրի հայոց բանակի շարքերը: «Ներկայացումն ինձ մոտեցրեց կարոտին, սովորեցրեց կարոտել»,- ասում է ներկա դերասանն ու ապագա զինվորը: Բեմադրության ժամանակ օգտագործվել էին աշխարհահռչակ Իմա Սումակի ձայնագրությունները` վերերկրային թեթեւ մթնոլորտ ստեղծելու համար:

 

Պարային կտորները մշակվել էին կենտրոնի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Իռէն Ուլիխանովայի կողմից: Գույների խաղը, հեքիաթային մթնոլորտը նկարչուհի Աննա Հարությունյանինն էին: Հնչյունային ռեժիսորն էր կենտրոնի աշխատակից Արամ Խաչատրյանը: Ի դեպ, 1970-ականներին Դումբաձեի մի շարք ստեղծագործությունների հետ այս պատմվածքը թարգմանել է ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրեն Հրաչիկ Բայրամյանը: Ներկայացումը դիտելու էին եկել նաեւ հյուրեր պրոֆեսիոնալ թատերաշխարհից:

 

Նրանց շարքում էին դերասաններ Նարեկ Դուրյանը, Ժան Նշանյանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Հյուրերը բավականին տպավորված հեռացան: «Հավատ կա, կարոտ կա, անկեղծություն կա ձեր մեջ, դա ինձ իսկապես դուր եկավ: Շատ կարեւոր է այսօրվա մշակութային ախտից պահպանել այս հոգիները»,- ասում է բեմադրիչ, ռեժիսոր Ժան Նշանյանը: Նշենք, որ երիտասարդ թատերախումբը ներկայացումը կխաղա նաեւ հունիսի 20-ին:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։