08.11.2018 | 
Հասարակություն
«ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Կառուցել ազգեր և պետություններ ցնցումների համատեքստում» խորագրով գիտաժողով:

ԵՊՀ-ի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի առաջին օրվա ընթացքում զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ամերիկյան, Ջորջ Վաշինգտոն, Հարվարդի, Սան Դիեգոյի, Կանադայի ՄակԳիլի պետական համալսարանների, ինչպես նաև Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ գիտաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ գիտաժողովի թեման շատ արդիական է, և համոզված է՝ զեկուցումներից հետո ծավալվելու են հետաքրքիր քննարկումներ:

Ներկաների ելույթները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, առաջնորդությանը, երկրների հակազդեցությանը, ինչպես նաև այդ ամենի ընթացքում պետությունների կառուցման գործընթացին: Անդրադարձ եղավ նաև Ղրիմի, Դոնբասի, Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության թեմաներին:

 

Կանադայի ՄակԳիլի համալսարանի ներկայացուցիչ Ջուլիետ Ջոնսոնը հանդես եկավ զեկուցմամբ՝ խոսելով Եվրամիության դրոշի և վերջինիս «շահարկման» թեմայից:

«Եթե մենք դիտարկենք ուկրաինական զարգացումները, ինչպես նաև այնտեղ տեղի ունեցած հեղափոխությունը, ապա շատ հաճախ կարող ենք հանդիպել այն դեպքերին, երբ ցուցարարները թափահարում էին Եվրամիության դրոշը: Երբ Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր, Եվրամիության դրոշը ծածանվում էր կառավարության շենքի դիմաց՝ Վրաստանի պետական դրոշի կողքին»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:

 

Ըստ բանախոսի՝ այնպիսի տպավորություն է, որ Եվրամիության դրոշը ցուցարարներին պետք է իրենց ընդդիմադիր կերպարն ամբողջացնելու համար և կառավարությանը ցույց տալու, որ վերջինս չի ընդունում կամ լավ չի հասկանում եվրոպական արժեքները:

Բանախոսը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական և քաղաքական շարժումներին, նշեց, որ վերջին իրադարձությունների ժամանակ առհասարակ չի նկատվել, որ ցույցի մասնակիցները հանդես գան Եվրամիության դրոշով:

«Ինձ հետաքրքիր էր «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին ներկաներից մեկին բարձրացնել Եվրամիության դրոշը»,- նկատեց Ջուլիետ Ջոնսոնը:

 

Բանախոսները հանդես եկան նաև տարածաշրջանի մյուս երկրներին վերաբերող զեկուցումներով՝ մատնանշելով այդ երկրների անվտանգությանը, առաջնորդներին, ազգային ռեժիմին, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերը:

Գիտաժողովը շարունակվելու է նաև վաղը Սլավոնական համալսարանում

 

 

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
«ՀԱՐԳԵԼՈՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդ ու անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ. ԴՈԼՈՐԵՆՍ ԶՈՀՐԱՊ-ԼԻԲՄԱՆ, ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՇԽԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Որքան էլ Հայոց ցեղասպանության թեման բազմիցս արծարծված լինի, միևնույն է, այն շարունակում է մնալ արդիական: Ցեղասպանության մնացորդները սպիի նման խրված են մնում վերապրածների և հաջորդող սերունդների հիշողության ծալքերում: