17.09.2015 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:

Հաշվի առնելով Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված լայնամասշտաբ միջոցառումները՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն (ՀՀԻ) ու Պատմության ֆակուլտետը նախաձեռնեցին այս գիտաժողովը՝ իրենց շուրջը համախմբելով ինչպես Մայր բուհի, այնպես էլ Գերմանիայում և Կալիֆորնիայում հետազոտություններ իրականացնող գիտնականներին: Ներկայացված տասնյակ հայտերի արդյունքում էլ միջազգային գիտաժողովին զեկուցումով հանդես գալու հնարավորություն է ընձեռվել միայն 8-ին:

 

Միջազգային գիտաժողովին որպես ունկնդիր մասնակցում էին նաև Անճարից Երևան ժամանած 50 հոգանոց պատվիրարկությունը, Մուսա լեռան 100-րդ տարելիցի կենտրոնական մարմնի հանձնաժողովի, «Մուսա լեռ» հայրենակցական միության, Սարդարապատի հերոսամարտերի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի շարք ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովը ղեկավարում էին ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն ու Մուսա լեռան 100-րդ տարելիցի կենտրոնական մարմնի հանձնաժողովի ղեկավար Եսայի Հավաթյանը: Բացման խոսքերով հանդես եկան նաև ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ու «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչ Անի Փաշայանը: Բոլորն էլ միաբերան փաստեցին, որ այս գիտաժողովն ունի լուրջ և նպատակային բնույթ:

 

Նիստը նախագահող Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այս գիտաժողովը ևս Մուսա լեռան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում կարևոր նշանակությունն ունի. «Այն յուրօրինակ պատմական մի դաս է, որը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն չկոտորվեցինք, այլ ընդհակառակը՝ մեր ժողովրդի առողջ հատվածը ոտքի կանգնեց և ցույց տվեց, որ կարելի է միասնական դիմադրության շնորհիվ գտնել այն փրկությունը, որը կորցրել էինք»:

 

Հարկ է ընդգծել, որ հիմնական զեկուցողներն այն մարդկանց ժառանգներն էին, ովքեր իրականացրել են Մուսա լեռան հերոսամարտերը: Նրանց մեծ մասը եկել էին Անճարից: Վերջիններս խոսեցին և՛ բարբառային խնդիրների, և՛ իրենց պատմության հիմնախնդիրների, այդ թվում` նաև այն մասին, թե 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած ինչ պատմություն է ունեցել Մուսա լեռը: Քննարկումների արդյունքում հետազոտությունների հեղինակները վերլուծեցին նաև ժողովրդագրական ու լեզվաազգագրական խնդիրները, ինչպես նաև բուն պատմական իրադարձությունները:

 

Իր ուսումնասիրություններով հանդես եկավ նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա ներկայացրեց «Կանանց դերը Մուսա լեռան հերոսամարտերի ինքնապաշտպանության գործում» վերտառությամբ զեկուցումը: Պարոն Մինասյանը խոսեց այն մասին, որ այդ մարտերում կանայք նշանակալի դերակատարություն են ցուցաբերել. «Հայ կնոջ կամային բարձր հատկանիշների արդյունքում էլ հերոսամարտերը պսակվեցին հաջողությամբ: Նրանք աջակցում էին` ոչ միայն ջուր, մրգեր կամ սնունդ բարձրացնելով լեռ, այլև հարկ եղած դեպքում մենամարտի մեջ էին մտնում և ցույց տալիս, որ պայքարը միասնական է»:

 

Տեղեկացնենք նաև, որ լավագույն զեկուցումները հրատարակվելու են ԵՊՀ ՀՀԻ «Հայագիտության հարցեր» գիտական հանդեսում:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։