29.03.2019 | 
Ուսանողական
«ՉԻՎՆԻՆԳ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ
«ՉԻՎՆԻՆԳ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Չիվնինգ» («Chevening») կրթաթոշակի մասին տեղեկատվական հանդիպում:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշանիկ Հարությունյանը ողջունեց ներկա ուսանողներին՝ ներկայացնելով կրթաթոշակը:

«Չիվնինգ»-ը միջազգային համակարգ է, որն ամբողջական կրթաթոշակ է տրամադրում առաջնորդության հատկանիշներ ունեցող ուսանողներին աշխարհի 160 երկրից՝ Մեծ Բրիտանիայում մագիստրոսական կրթություն ստանալու համար:



Կրթաթոշակին դիմելու և Մեծ Բրիտանիայում ուսումնառության իրենց փորձի մասին պատմում էին Վարդան Հարոյանը, Լաուրա Սիմոնյանը և Օֆելյա Թովմասյանը:

Արքայական քոլեջի շրջանավարտ Լաուրա Սիմոնյանը

Արքայական քոլեջի շրջանավարտ Լաուրա Սիմոնյանը պատմեց այն մասին, թե ինչպես է մերժվել առաջին անգամ կրթաթոշակի համար դիմելիս: Ըստ նրա՝ հանձնաժողովի մերժումը տեղին էր, քանի որ արդեն տարիներ անց գիտակցում է՝ այն ժամանակ պատրաստ չէր, չուներ հստակ նպատակ ու ծրագիր:

Ինչպես փաստեց Լաուրան, դա լավ դաս եղավ կյանքում կողմնորոշվելու և հստակ նպատակներ ձևակերպելու համար:



Կրթաթոշակին դիմելու նրբությունների մասին խոսեց Նոթինգհեմի համալսարանում սովորած Վարդան Հարոյանը՝ կարևորելով ինչպես տեխնիկական մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու հանգամանքը, այնպես էլ նամակում և հարցազրույցի ժամանակ յուրահատուկ լինելը:



Օֆելյա Թովմասյանը, որը կրթաթոշակի շրջանակում սովորել էր Լոնդոնի կինոդպրոցում, պատմեց լավագույն համալսարաններում սովորող ուսանողների վերաբերյալ կարծրատիպերի մասին, որոնք միանգամից անհետանում են անձնական շփման ժամանակ:

Կրթաթոշակակիրները, պատմելով հետաքրքիր միջադեպերի մասին և պատասխանելով ներկաների հարցերին, պատրաստակամություն հայտնեցին օգնել և ուղղորդել մյուսներին կրթաթոշակի դիմելու հարցում:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստն ու «Արդյունքի և անհատականացման վրա հիմնված ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում. հնարավորություններ բոլորի համար» խորագրով սեմինար-քննարկումը: