26.11.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ. ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ. ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պատվերով ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար իրականացնում է քաղաքացիական կողմնորոշման դասընթաց:

Հաշվի առնելով Հայաստան մտնող իմիգրացիոն հոսքերի աճի միտումը՝ ՀՀ կառավարության կողմից դեռևս 2016 թվականին մշակվել է Հայաստանում իմիգրանտների տարբեր խմբերի ինտեգրման խնդիրների լուծման նպատակ հետապնդող հայեցակարգ:

 

Ըստ այդ հայեցակարգի՝ իմիգրանտ են համարվում ՀՀ-ում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, իսկ «ինտեգրում» եզրույթն ընկալվում է իբրև օտարերկրացիներին ընդունող երկրի հասարակությունում բնակվելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելու և սոցիալական կապեր ձևավորելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, հասարակության լայն շերտերի համակարգված գործունեություն:

 

Այդ գործունեության շրջանակում ԵՊՀ-ն նույնպես նպաստում է ինտեգրման գործընթացին՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած,     

ինչպես նաև երկարաժամկետ  իմիգրանտների համար կազմակերպելով քաղաքացիական կողմնորոշման դասընթաց:

 

Այն անցկացվել է նոյեմբերի 20-23-ը: Դասընթացի շրջանակում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, իմիգրանտների իրավունքները սոցիալական ապահովության և զբաղվածության ոլորտում, ինչպես նաև նրանց առողջապահական, կրթական իրավունքները:

 

Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են պատմամշակութային ընդհանուր տեղեկություններ Հայաստանի մասին և խոսել աշխարհի քարտեզում Հայաստանի տեղի ու դերի մասին:  

Ի դեպ, ի թիվս ԵՊՀ դասախոսների՝ դասընթացի մասնակիցներին դասավանդում է նաև տասնամյակներ առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Երվանդ Մինասյանը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, որը հայրենիքում ինտեգրվելու իր փորձն է հաղորդում հայրենակիցներին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.