04.10.2019 | 
Գիտություն
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԻՄԸ «CLIMATELAUNCHPAD» «ԿԱՆԱՉ» ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԻՄԸ  «CLIMATELAUNCHPAD»  «ԿԱՆԱՉ» ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ուսանողները մասնակցել են աշխարհահռչակ «ClimateLaunchpad» մրցույթին և հայտնվել ազգային եզրափակչում։

«ClimateLaunchpad»-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն և ծրագրի ղեկավար Կարեն Թռչունյանն ասաց, որ Հայաստանում մի քանի ամիս առաջ «ClimateLaunchpad Armenia»-ի կողմից հայտարարվել էր ստարտափերի մրցույթը, որի հաղթողներն աշխարհի 50 երկրներից հնարավորություն կունենան մեկնելու Ամստերդամ ու այնտեղ մասնակցելու մեծ եզրափակչին։



Հայաստանից այդ հնարավորությունը վաստակած թիմերից մեկը Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմն է։

«Մենք ներկայացրել ենք գաղափար, որի միջոցով հնարավոր է արդյունաբերական և գյուղատնտեսական տարբեր թափոններից ստանալ կենսավառելիք»,- ասաց Կ. Թռչունյանը։

Ծրագիրը բաղկացած է եղել երեք փուլից։ Առաջին փուլում ընտրվել են հայտերը, երկրորդ փուլում ընտրված թիմերը մասնակցել են երկօրյա դասընթացների, որոնք  անցկացրել է «ClimateLaunchpad»-ի կողմից որակավորված մարզիչը։

«Հայաստանում վերջին փուլն ազգային եզրափակիչն էր, որի ժամանակ ընտրվել են Հայաստանից 2 թիմեր, որից մեկը մեր թիմն է»,- մեզ հետ զրույցում ասաց Կիրառական մանրէաբանության մագիստրոսական ծրագրի ուսանող Լիանա Վանյանը։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների շնորհիվ սովորել են իրենց հետազոտությունը վերածել կենսունակ բիզնես նախագծի, որը հնարավորություն կունենա ֆինանսավորվելու ներդրողների կողմից։ Ծրագրի մյուս մասնակիցներն են նույն ֆակուլտետի ուսանողուհիներ Հռիփսիմե Պետրոսյանը, Հեղինե Գևորգյանը, Սաթենիկ Միրզոյանը։

Այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի թիմը, Լիանա Վանյանը պատասխանեց. «Պետք է նշեմ, որ ծրագիրը համաշխարհային մակարդակով մրցակցային է, որովհետև առաջարկում է էկոլոգիապես մաքուր վառելիք»։

Ծրագրի ղեկավարն էլ ավելացրեց, որ մասնակիցներն ընտրվել են՝ ըստ իրենց կատարած աշխատանքի ուղղության, անգլերենի իմացության և պատրաստակամության:

Նշենք, որ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը նոյեմբերի 14-ին մեկնելու է Ամստերդամ՝ ծրագրի եզրափակչին մասնակցելու համար։

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: