06.10.2017 | 
Գիտություն
ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՐԹԱԿ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՐԹԱԿ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին մեկնարկած ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, փոխդեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Ներկաներին ողջունեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Սիմոնյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Առաքելյանը. «2017 թ.-ը հոբելյանական տարի է ՈՒԳԸ-ի համար, քանի որ լրանում է կառույցի հիմնադրման 70-ամյակը: Իր գոյության տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն նպաստել է ուսանողների գիտական, ստեղծագործական ու հոգևոր զարգացմանը, կազմակերպել է պարբերական բնույթ կրող տարբեր ուղղվածության գիտաժողովներ և աշխատաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակել երիտասարդ գիտնականների ու ուսանողների գիտական հոդվածները»:

 



Մասնակիցներին ռեկտորատի անունից ողջույնի խոսք հղեց 1998-2001 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ, Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «ՈՒԳԸ-ն, այս տարի տոնելով իր հիմնադրման 70-ամյակը, իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնց շարքում պետք է առանձնացնել ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը, որը Հայաստանում ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող երիտասարդական գիտական կոնֆերանսն է, և հուրախություն մեզ՝ այս տարի այն ունի նաև հանրապետական ու միջազգային լայն ընդգրկում»:

Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի ընթացքում հնչած զեկուցումների գիտական ղեկավարներին, խոսելով կառույցի վերջին տարիների ձեռքբերումներից՝ պարոն Մարկոսյանը  կարևորեց ՈՒԳԸ գիտական հոդվածների բազմահատոր ժողովածուների հրատարակումը, ապա ներկայացրեց ՈՒԳԸ-ի կողմից իրականացվող մյուս աշխատանքները:

 

ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանն էլ, ողջունելով բոլորին, բարձր գնահատեց ՈՒԳԸ-ի ծավալած 70-ամյա գործունեությունը, նշեց, որ շատ ոգևորիչ է նմանաբնույթ գիտաժողով կազմակերպելը. «ԿԳՆ-ն մշակում է օրենքի նոր նախագիծ, որում կարևոր տեղ է հատկացվում գիտություն-բուհ-տնտեսություն եռանկյունուն, իսկ գիտական ընկերությունը կարևոր դեր կարող է ունենալ այդտեղ: Եթե այդ եռանկյունին ճիշտ է կայանում, ապա երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն իրենց ճիշտ լուծումներն են գտնում»:




ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ամփոփելով ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները, նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց ու կառույցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր գործի կայացման մեջ. «Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ, և մենք ունեցել ենք ավելի քան 500 հայտ 4 աշխարհամասերից, ինչն աննախադեպ ցուցանիշ էր մեզ համար: Նախորդող 5 օրերը խիստ կարևոր էին կառույցի պատմության համար: 17 մասնագիտական բաժանմունքներում հնչեցին շուրջ 350 զեկուցումներ, տեղի ունեցան գիտական թեժ բանավեճեր, որոնք այս գիտաժողովը դարձրին երկխոսության հիանալի հարթակ, որտեղ երիտասարդները հանդես եկան նորարարական գաղափարներով ու դրսևորեցին գիտական մեծ ներուժ: Մեր գիտաժողովը նշանակալի դարձավ նաև 14 երկրներից ժամանած հյուրերով, ում ակտիվ մասնակցությունն ու հետաքրքիր զեկուցումներն ավելի արգասաբեր դարձրին գիտաժողովի աշխատանքները»:

 

Մհեր Հակոբյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը դրական հետք կթողնի մասնակիցների գիտական գործունեության վրա, և գիտաժողովի ընթացքում ձևավորված հարաբերությունները Հայաստանը կդարձնեն հետագա գիտական միջոցառումների հանդիպավայր:

 


Տարբեր բաժանմունքներում լավագույն զեկուցումների համար զեկուցողներին խրախուսական մրցանակներ (մասնագիտական գրքեր և պատվոգրեր) հանձնեցին ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահները: Հաղորդավարները հնչեցրին նաև անցած 70 տարիների ընթացքում կառույցը ղեկավարած անձանց անունները:

 

Միջոցառման ընթացքում երաժշտական ու պարային գեղեցիկ և ուրույն կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:
«ՄԻԳՐԱՑԻԱՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԱԿՏՈՒԱԼ Է ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Միգրացիա, ինքնություն, մուլտիկուլտուրալիզմ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: