ՀՀ բուհերի տնտեսագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողների շրջանում հայտարարված մրցույթը բաղկացած է երկու փուլից: Առաջին՝ ռեֆերատների պաշտպանության փուլի համար ընկերության կողմից առաջարկվել էր ապահովագրությանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ կատարել ուսումնասիրություն:
Այս տարի մրցույթին դիմել էին ավելի քան 60 ուսանողներ, որոնցից 13-ն են հնարավորություն ստացել մասնակցելու գիտական աշխատանքների ներկայացմանը, որի ընթացքում նրանք պատասխանել են փորձագետների հարցերին, պնդել իրենց տեսակետներն ու ներկայացրել հեռանկարները: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից առաջարկված7 արդիական թեմաներից ուսանողները հիմնականում ընտրել են երկուսը՝ գյուղատնտեսական ապահովագրություն և առողջության պարտադիր ապահովագրություն:
Արդյունքում հայտնի դարձան լավագույն երեք հաղթողների անունները: Նրանք ստացան դրամական պարգև (100.000-ական դրամ) և հնարավորություն մասնակցելու երկրորդ փուլին, որը ապահովագրական նոր արտադրանքի ստեղծման փուլն է: Հավաստագրերը մասնակիցներին հանձնեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Աստաբացյանը:
Հաղթողներից երկուսը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Շուշանիկ Գյոչանյանն ու Սինարա Ղարիբյանն են, մյուսն էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Ավետիսյանն է:
Մրցույթի առաջին փուլի ամփոփմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգյանը, տարբեր բուհերի պրոռեկտորներ, շրջանավարտների և կարիերայի կենտրոնների տնօրեններ և ուսանողներ:
Նշենք, որ մրցույթի երկրորդ փուլին, բացի առաջին փուլի հաղթողներից, հնարավորություն են ստացել մասնակցելու նաև «Ռոսգոսստրախ» անվանական կրթաթոշակ ստացող բոլոր ուսանողները: