26.05.2018 | 
Մշակույթ
ԵՊՀ ԲԵՄՈՒՄ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
ԵՊՀ ԲԵՄՈՒՄ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և Վրաստանից ժամանած վրացական բանահյուսության քառյակի համատեղ համերգը:

Տոնական համերգին ներկա էին ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն առանձնահատուկ շեշտեց երկու երկրների մշակութային համագործակցության կարևորությունը:



«ԵՊՀ մշակույթի կենտրոնը շատ ակտիվ համագործակցություն է սկսել Հայաստանում Վրաստանի դեսպանության հետ,- ասաց Կարինե Դավթյանը,- անցյալ տարվանից այդ հարաբերությունները որակապես նոր փուլում են: Անցյալ տարի լրանում էր հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և մենք ու Թբիլիսիի պետական համալսարանը համատեղ համերգ կազմակերպեցինք, որի հաջողված լինելու մասին են վկայում բազմաթիվ լավ կարծիքներն ու արձագանքները: Այդ համերգն ազդակ դարձավ նմանաբնույթ ձևաչափով հետագա համագործակցությունների համար»:

Կ․ Դավթյանը,անդրադառնալով միջոցառման կազմակերպմանն ու հիմնական նպատակին, նշեց, որ մշակութային հարթակում համագործակցելն արդեն երկկողմանի ավանդույթ է դառնում:



«Գաղտնիք չէ, որ այս տարի թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի համար առանձնահատուկ տարի է,- իր խոսքում ասաց Կարինե Դավթյանը,- երկու երկրներն էլ նշում են անկախության հռչակման հարյուրամյակը: Վրաստանի դեսպանության և անձամբ դեսպանի, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ այս տարի երկու հանրապետությունների անկախության հարյուրամյակի տոնը նշելու են նույն մշակութային ձևաչափով»:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, որոնք իրենց պարային, ինչպես նաև երաժշտական կատարումներով կարողացան ոգևորել հյուրերին:

Իսկ տոնական միջոցառման առանցքը Վրաստանից ժամանած վրացական բանահյուսության քառյակի ազգային և ֆոլկ կատարումներն էին, որոնք ներկաներին վրացական յուրահատուկ տրամադրություն փոխանցեցին:


Հայ և վրաց ժողովուրդների գրականության, մշակութային, պատմագիտական սերտ առնչություններն ունեն խոր արմատներ և նույնքան հին են, որքան երկու երկրների պատմությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև աշխարհահռչակ ջազմեն, դաշնակահար Գարի Քյոսայանը և իր կինը՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ  ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՄ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄԸ, ԱՊԱ ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՄ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:
«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ՄՈՏ ՈՒ ՀԵՏՍ  ԾԱՂԻԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ՝ ՀԱՅ ԵՐԳԻ «ՀԱՅՐԻԿ», ՎԱՐՊԵՏ ՈՒ ՆՎԻՐՅԱԼ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ազգագրագետ, բանահավաք, ազգային մշակույթի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի 114-ամյակին նվիրված միջոցառում: