25.05.2015 | 
Մշակույթ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀՈՒՄ
Մայիսի 23-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Soaring» խմբի «Հեռավոր իմ երազանք» խորագիրը կրող համերգը:

Վերջերս ձևավորված «Soaring» խումբը բաղկացած է յոթ անդամներից, որոնցից չորսը ԵՊՀ-ականներ են: Խմբի հիմնադիր անդամ Միքայել Պողոսյանը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչն է: Լևոն Գաբրիելյանն ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, Նաիրի Նաիրյանը` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, Արեգ Օրդյանն էլ սովորում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի 3-րդ կուրսում:

 

ԵՊՀ-ում տեղի ունեցած խմբի առաջին համերգին հնչել են խմբի հեղինակային երգերը, որոնց մշակումները նույնպես խմբի անդամներն են արել:

«Արդեն ավելի քան քսան տարի աշխատում եմ ԵՊՀ-ում: Այն ինձ համար բավականին հարազատ վայր է, և ես ցանկացա, որ մեր առաջին համերգը հենց այստեղ տեղի ունենա, մեր երգերն այստեղ հնչեն, թեկուզ ոչ այնքան պրոֆեսիոնալ ձևով»,- ասաց խմբի հիմնադիր անդամը:

 

Միքայել Պողոսյանը նշեց նաև, որ խմբի անվանումը վերցրել են խմբին շատ հարազատ, վերջերս գրված «Soaring melody» երգի վերնագրից, և հավելեց, որ երգացանկի շատ երգերի բառերը Միսաք Մեծարենցի բանաստեղծություններից են, մեկը Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունից, իսկ մի մասն էլ ինքն է գրել տարբեր տարիների ընթացքում:

 

«Մեր երգերը նախատեսված են լավ և որակյալ երաժշտություն սիրողների համար: Երաժշտական ամենատարբեր ճաշակներ ունեցող լսարանը կընդունի, որովհետև մեր երգերը տարբեր ոճերի են, հաճելի և ընկալելի»,- նշեց խմբի սոլո կիթառիստ Արեգ Օրդյանը:

Նա նաև ավելացրեց, որ խմբի ապագա հեռանկարներից է ձայնագրել երգերը բարձր որակով, տարածել համացանցի միջոցով և համերգներ ունենալ ավելի մեծ համերգասրահներում ու ավելի մեծ լսարանի համար: 

 

Համերգին առավել շատ հրավիրված են եղել խմբի անդամների ընկերները, հարազատները և ուսանողներ, որպեսզի գնահատեն խմբի առաջին փորձը: Համերգին ներկա է եղել նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

Նշենք, որ խմբի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 27-ին «Այբ» դպրոցում:

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: