Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակության կազմում էին նախարարության տարբեր վարչությունների ղեկավարներ, ինչպես նաև մի շարք համալսարանների և քոլեջների ռեկտորներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, ակադեմիկոսներ Աշոտ Սաղյանը, Սամվել Շուքուրյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ամբիոնի վարիչներ Հայկ Քոչարյանն ու Վահրամ Պետրոսյանը:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին, հակիրճ ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, ուսումնագիտական գործընթացը, միջազգային կապերն ու զարգացման հեռանկարները:
«ԵՊՀ-ն՝ Հայաստանի խոշորագույն բուհն ու գիտական կենտրոնը, բավականին ակտիվ միջազգային քաղաքականություն է վարում: Մենք ավելի քան 270 գործընկերներ ունենք, որոնց կազմում են արտասահմանյան մի շարք առաջատար բուհեր»,- նշեց Արամ Սիմոնյանն ու հավելեց, որ իրաքյան համալսարանների հետ գործնական կապեր գրեթե չկան:
«Միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ ունեցել ենք Իրաքի տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հետ, եղել են պայմանավորվածություններ, որոնք, ցավոք, չեն իրականացվել: Ուստի ուրախ ենք, որ այցելել եք Մայր բուհ, մենք պատրաստակամ ենք համագործակցություն սկսել իրաքյան բուհերի հետ»,- ամփոփեց ռեկտորը:
Նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսային շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ այցելության հիմնական նպատակն է ծանոթանալ հայկական կրթական համակարգին և կոնկրետ քայլերի միջոցով գործընկերներ ձեռք բերել:
«Մեր այցելության հիմնական նպատակն է նախանշել երկու երկրների բուհերի միջև համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունների շրջանակը»,- ասաց Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսային և հավելեց, որ Հայաստան են այցելել Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ուսանողների փոխանակման, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման վերաբերյալ մի շարք հարցեր: