29.10.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:

 

Կարինե Նազարյանը փաստեց, որ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի հետ համագործակցում է դեռևս նախորդ ուսումնական տարվանից, որի արդյունքում ուսանողներին տրվել է փորձաշրջանի հնարավորություն, իսկ շրջանավարտներին ապահովել աշխատատեղերով:

 

«Համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվում է: Կազմակերպությունն էլ Հայաստանում հիմնում է որակյալ ջրի շշալցման գործարան և հետաքրքրված է երկու կառույցների միջև մանրէաբանական ոլորտում լաբորատոր աշխատանքների և մասնագետների փորձի փոխանակմամբ, ինչպես նաև համատեղ ծրագրերի մշակմամբ, մենք որոշեցինք ամրագրել փոխհամագործակցությունը՝ կնքելով փոխըմբռնման հուշագիր»,- ասաց Կարինե Նազարյանը:

 

 

Գեղամ Գևորգյանը «Էյ Ընդ Էմ Ռեյր» կազմակերպության տնօրենից հետաքրքրվեց, թե որտեղ է կառուցվում գործարանը, և ինչ հզորությամբ է այն աշխատելու: Ի պատասխան՝ Ամին Ջազաերին ասաց, որ նոր գործարանն աշխատելու է Կոտայքի մարզում՝ երկու հոսքագծով, որոնցից մեկը լինելու է աղբյուրի ջուր, մյուսը՝ հանքային:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը փաստեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Հանքավանի ջուրը շատ հայտնի է եղել, Ամին Ջազաերին էլ հաստատեց, որ գերմանացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզել են, որ այդ տարածաշրջանում ջուրն իսկապես շատ որակյալ է: Գեղամ Գևորգյանն իր ուրախությունը հայտնեց, որ մարզի ջուրը երկրորդ կյանք է ստանալու:

 

«Էյ Ընդ Էմ Ռեյր» կազմակերպության տնօրենն ասաց, որ նախատեսվում է հաջորդ տարի արդեն մեկ օրում ունենալ կես միլիոն շիշ արտադրողականություն: Սկզբնական շուկան, նրա փոխանցմամբ, տեղական է լինելու, իսկ հետո արտադրանքն արդեն արտահանվելու է այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան և Չինաստան:

 

Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ երկու կառույցները շարունակելու են ակտիվ համագործակցել մանրէաբանական, կենսաքիմիական և կենսատեխնոլոգիական հետազոտությունների շուրջ: Բացի դրանից՝ իրականացվելու են ենթակառուցվածքների կապերի հաստատում, համատեղ նախագծերի մշակում, ինչպես նաև առկա ռեսուրսների և ներուժի գնահատում ու դրանց լիարժեք կիրառում:

 

Հանդիպման ավարտին Կարինե Նազարյանն Ամին Ջազաերիին հանձնեց ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ թողարկված հուշանվեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: