19.02.2021 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, քննարկվել են երկկողմ համագործակցության ուղիները և հնարավորությունները:

 

Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշեց, որ չնայած Հայաստանի համար դժվարին ժամանակներ են, մի կողմից` համավարակը, մյուս կողմից` պատերազմը, այնուամենայնիվ պետք է առաջ նայել և փորձել նոր մակարդակի հասցնել երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը:

 

Նրա խոսքով, անցած տարում հումանիտար օգնությունը մղվել էր առաջին պլան, բայց այս տարի ակնկալվում է իրականացնել նոր, ավելի հագեցած նախագծեր. «Թեև համավարակը դեռ չի նահանջել, բայց մենք ցանկանում ենք խորհրդանշական որևէ միջոցով խթանել Հայաստանում լիտվական մշակույթի, պատմության ու գրականության տարածումը: Այդ նպատակն իրականացնելու համար այսօրվանից սկսել ենք նոր նախաձեռնություն, որի շրջանակում նվիրում ենք լիտվացի հեղինակների գրքերը: Մեր միջոցառումը մեկնարկել է ԱԺ-ում և ԵՊՀ-ում, ինչի համար շատ ուրախ ենք»:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ճանապարհները: Ալեքսանդր Մարգարովի խոսքով, արդյունավետ եղանակներից մեկը «Erasmus +» ծրագրի միջոցով կազմակերպվող փոխանակման ծրագրերն են, որոնց շրջանակում հայ և լիտվացի ուսանողները, ինչպես նաև դասախոսները կարող են իրականացնել փոխադարձ այցելություններ:

 

Միջազգային համագործակցության վարչության պետը փաստեց, որ այս նախագծի շրջանակում ԵՊՀ-ն ունի 65 գործընկեր, որոնց հետ ակտիվորեն իրականացնում է շարժունության ծրագրեր:

 

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նույնպես գրքեր նվիրեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: