Մեզ հետ զրույցում Էլինա Ասրիյանը փաստեց, որ նոր համագործակցությունը հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ փորձագետներին պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում անմիջական մասնակցություն ունենալու և գիտական ու կրթական նախագծեր փորձարկելու:
«Այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա կազմակերպելու պրակտիկա, ինչպես նաև երիտասարդ կադրերի համատեղ վերապատրաստում»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը:
Նրա փոխանցմամբ, նոր համագործակցության նպատակներից է նաև տեղեկատվության և հասարակության հետ կապերի ոլորտում կամավորների բազայի ստեղծումը և պետական տեղեկատվական քաղաքականության ու բարձրագույն կրթության համակարգի զարգացման համար շահագրգիռ կողմերի կարողությունների և ռեսուրսների լիարժեք օգտագործումը:
Էլինա Ասրիյանն ասաց, որ կողմերի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել և անցկացնել համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վեբ-դասեր, կլոր սեղաններ և վարպետության դասեր, որոնց ներգրավված են լինելու ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ և միջազգային փորձագետներ:
«Կենտրոնի մասնագետները մասնակցություն են ունենալու դասավանդման, փորձագիտական խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, ինչպես նաև ուսանողների բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման և այլ գործընթացներում»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:
Բացի դրանից՝ ԵՊՀ համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ուսանողների, ասպիրանտների և դիմորդների համար կազմակերպվելու են նախապատրաստական, նախադիպլոմային և գիտական պրակտիկաներ, ինչպես նաև մշակվելու և իրականացվելու են ընդհանուր նախագծեր:
Քնար Միսակյան