02.02.2018 | 
Կրթություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում մագիստրատուրայի 8 ուսանողի ուսման վճարը կփոխհատուցվի «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի կողմից:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը իրականացնում են «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիրը, որը կյանքի կոչելու նպատակով փետրվարի 2-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 

«Այս նախաձեռնությունը շատ գովելի է և անհրաժեշտ, քանի որ շատ մագիստրանտներ, հատկապես մարզաբնակները չեն կարողանում վճարել ուսման վարձը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցներ:

 

ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստանի» համագործակցությունը ներառում է «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագրի ներկայացման ու իրազեկման կազմակերպումը ԵՊՀ սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը ԵՊՀ մագիստրատուրայում և ունեն բարձր առաջադիմություն:

 

«ԱՄՔՈՐ Հայաստանը» ընտրված ուսանողների համար կկազմակերպի «Ծրագիր կազմելու», «Բյուջետավորման» և «Ներկայացման հմտություններ» դասընթացներ և կփոխհատուցի վերջնական փուլի հաղթողների՝ ԵՊՀ մագիստրատուրայի ուսման վճարը (2 տարի ժամկետով, 8 ուսանողի համար):

 

«Ակնկալվում է, որ մասնակիցները կլինեն մարզաբնակ ուսանողներ և կմշակեն իրենց համայնքների զարգացման ծրագրերը: Լավագույն ծրագրերի հեղինակները որպես պարգևատրում կստանան մագիստրատուրայի երկու տարվա ուսման վարձի փոխհատուցում»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և հավելեց, որ այդ ծրագրերը կարող են դառնալ նաև մագիստրոսական թեզի թեմաներ:

 

Ինչպես նշեց Գոհար Գրիգորյանը, ուսանողների առաջարկած լավագույն ծրագրերը «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի կողմից հետագայում հնարավորության սահմաններում կյանքի կկոչվեն հենց իրենց համայնքներում: Նա հավելեց նաև, որ 2012 թ.-ից սկսած՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» ԲՀ-ի կողմից իրականացվում է «Ուսանողների ուսման վճարների մասնակի փոխհատուցում» ծրագիրը, որի ընթացքում ԵՊՀ ուսանողների համար կատարվել է ուսման վարձի 611 մասնակի փոխանցում՝ շուրջ 51,000,000 ՀՀ դրամ: 

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։